ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանին:
Հատուկ քննչական ծառայությունից երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Աշոտ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Վ. Խալաֆյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանք: Մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Հարությունյանը, ակնհայտորեն դուրս գալով իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից, այն է՝ չունենալով անձին ոստիկանության բաժին բերման ենթարկելու վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնի համապատասխան որոշում, 2010թ. ապրիլի 13-ին, ժամը 10-ի սահմաններում, ոստիկանության բաժնի աշխատակիցներին հրահանգել է ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկել գողություն կատարելու մեջ կասկածվող Վահան Խալաֆյանին: Ըստ ձեռք բերված ապացույցների՝ Ա. Հարությունյանը նախ պարտադրել է Վահան Խալաֆյանին տալ ինքնախոստովանական ցուցմունքներ՝ նրա նկատմամբ կիրառելով բռնություն: Պարզվել է, որ Վ. Խալաֆյանի նկատմամբ կիրառված բռնությանը ականատես են եղել նաեւ բաժանմունքի մի քանի աշխատակիցներ, ովքեր նախաքննության շրջանակներում հարցաքննվել են եւ դեպքի վերաբերյալ տվել մանրամասն ցուցմունքներ: «Առավոտի» ունեցած տեղեկություններով, հարցաքննվել են մասնավորապես բաժանմունքի օպերլիազորները, ովքեր առերեսման ժամանակ անգամ պնդել են, որ Խալաֆյանի նկատմամբ բռնություն է գործադրել հենց իրենց բաժանմունքի պետը: Ինչ վերաբերում է սույն գործով մյուս կալանավորվածին՝ օպերլիազոր Մորիս Հայրապետյանին, ապա նա, մեր աղբյուրի տեղեկացմամբ, մեկուսարանից գրավոր բողոք է ուղարկել գլխավոր դատախազին՝ պնդելով, որ իրեն մեղադրանք է առաջադրվել ուրիշի կատարած հանցանքի համար եւ որ ինքն իրականում որեւէ բռնություն չի գործադրել:
ՀՔԾ-ն տեղեկացնում է, որ նախաքննական մարմինը դեռեւս չի ստացել նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը:
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, բավարարեց ՀՔԾ-ի միջնորդությունը՝ կալանելով քրեականի պետ Աշոտ Հարությունյանին: