Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը հորդորեց ծխելը «թարգել»

Ապրիլ 30,2010 00:00

2010-15թթ. ծխելու դեմ պայքարի պետական ծրագիրը եւ դրա կատարումն ապահովող առաջնահերթ միջոցառումների ցանկը երեկ արժանացավ կառավարության հավանությանը: Ըստ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի, միջոցառումներն ուղղված կլինեն ծխելու հետեւանքով առաջացող հիվանդությունների վերաբերյալ բնակչության իրազեկմանը, հակածխախոտային քարոզչությանը, ծխախոտի օգտագործման համաճարակաբանական հսկողության համակարգի կատարելագործմանը: Պարոն Քուշկյանի խոսքով, ծրագրի իրականացման համար լրացուցիչ ֆինանսական հատկացումներ անհրաժեշտ չեն, այն իրականացվելու է առողջապահական ոլորտին պետբյուջեով հատկացված գումարներով եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատկացումներով:

ՀՀ վարչապետն էլ այս առիթով ասաց, թե կառավարության ծխող անդամները պետք է օրինակ ծառայեն «եւ կամաց-կամաց հրաժարվեն ծխելուց»: Ապա դիմեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին. «Տիկին Հակոբյանը, ով կանգնած էր այս օրենսդրության ակունքներում, ավելի խստապահանջ պետք է լինի իր գործընկերների նկատմամբ»: Ծրագրի ղեկավար Ալեքսանդր Բազարչյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախատեսված միջոցառումների ցանկից առանձնացրեց մի քանիսը. «Խորհրդատվական եւ բուժման համակարգ ենք փորձելու ներդնել, ծխախոտի պայքարում նախատեսել ենք հանրապետական հետազոտություն՝ հատկապես դեռահասների շրջանում, պարզելու ծխախոտի տարածվածությունը»:

Ըստ պարոն Բազարչյանի, Հայաստանում ծխողների շրջանում մեծամասնություն են կազմում չափահաս տղամարդիկ, որոնց կեսից ավելին՝ մոտ 55%-ն ամենօրյա ծխողներ են, իսկ կանանց շրջանում տարածվածությունը համեմատաբար փոքր է. «Պատկերը տարբեր է մայրաքաղաքում եւ մարզերում, որտեղ ծխող կանանց թիվը չի գերազանցում 1%-ը, իսկ Երեւանում հասնում է մինչեւ 8%-ի, այս ցուցանիշը կանանց համար չի կարելի փոքր համարել»: Ծրագրի ղեկավարի խոսքով՝ 13-15 տարեկան ամենօրյա ծխող դեռահասների շրջանում առաջնային դիրքերում են տղաները՝ մոտ 10%, տարիքային այս խմբի ծխող աղջիկներն էլ 1,2% են կազմում: Թե աշխարհում Հայաստանը ծխելու տարածվածությամբ ո՞ր տեղում է, պարոն Բազարչյանը դժվարացավ ասել. «Օրինակ, Հունաստանում մեզնից շատ են ծխում»: Առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը հավելեց, որ քարոզչության թիրախը դեռահասներն են լինելու. «Նրանք կոնկրետ պետք է պատկերացնեն վտանգը, որ սպառնում է ծխախոտը»: Հակածխախոտային ծրագիրը, որը, ըստ փոխնախարարի, 2005-2009թթ. հաստատված ծրագրի 2-րդ փուլն է, ինչպես 1-ին փուլում, այնպես էլ հիմա լինելու է բավականին արդյունավետ եւ նպաստելու է ծխողների նվազեցմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել