Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

3-ամյա Միլենայի սիրտը չեն կարողանում վիրահատել

Ապրիլ 30,2010 00:00

Քանի որ նրան լքած հայրն իր համաձայնությունը չի տալիս

«Կյանքն ինձ համար այն ժամանակ հրաշք էր թվում, ասես երազում լինեի, չէի ուզում արթնանալ։ Ես շատ երջանիկ էի»,- ասում է Արագածոտնի մարզի Ոսկեվազի գյուղի բնակիչ՝ 25-ամյա Հասմիկը: Նա ամուսնացել է իր ընտրությամբ։ Արտակի հետ ծանոթացել է պատահական եւ 3 ամիս շփվելով հասկացել՝ որ իրար համար են ստեղծված։

«Շուտով ծնվեց առաջնեկս, իմ կյանքի հրաշքը՝ Միլենան, որն էլ ինձ ուժ տվեց անցնելու այդ ամենի միջով ու հիմա էլ ուժ է տալիս»,- պատմում է Հասմիկը:

Հիվանդանոցում Հասմիկին հայտնել են, որ երեխան ունի առողջական խնդիրներ։ «Աշխարհը գլխիս ասես փուլ եկավ, երբ հայտնեցին, որ երեխաս սրտի բնածին արատով է ծնվել։ Չէի հավատում ու անընդհատ կրկնում էի՝ Աստված իմ, ո՞ր մեղքիս համար։ Սկզբում կարծում էի, որ ես ու ամուսինս կհաղթահարենք այս դժվարությունը։ Սկսվեցին ինձ համար մղձավանջային օրեր։ Ամուսինս ու սկեսուրս ինձ էին մեղադրում, ասում էին՝ ձեզանից ա ժառանգել, մեր մեջ չկա ըտենց հիվանդություն, եւ այլն։ Ամենավատն այն էր, որ րոպե առ րոպե սպասում էին, որ երեխաս պետք է մեռնի ու նույնիսկ չէին սիրում, իրենց ասելով, որ չկապվեն հետը, մեկ է՝ մահանալու է։ Անցավ մի շաբաթ, սկսեցին ինձ հաց չտալ, որ ես էլ երեխային չկերակրեմ։ Արգելում էին ինձ շփվել ծնողներիս, անգամ հարեւանների հետ, որ ոչ մեկին այդ մասին չպատմեի։ Անցավ մի ամիս, տեսա՝ անհնար է այդպես շարունակել, մայրս եկել էր ինձ տեսության, չնայած սկեսուրս մեզ մենակ չէր թողնում, մամայիս հասկացրի, որ էլ չեմ ուզում մնալ: Նրանք էլ էին արդեն գլխի ընկնում, որ մի բան այն չի, քանի որ հեռախոսս վերցրել էին, որ մերոնց հետ չկապվեմ։ Հաջորդ օրը մամաս ու եղբայրս եկան հետեւիցս։ Կռվով-դավով վերադարձա մեր տուն, բայց անընդհատ սկեսուրիս խոսքերն էին զրնգում ականջներիս մեջ, որ մեկ ա՝ չի ապրելու էդ հիվանդոտը»,- մեզ հետ զրույցում հուզմունքը խեղդելով պատմում էր Հասմիկը։

Փոքրիկ Միլենան արդեն երեք տարեկան է ու նրան հարկավոր է վիրահատել, որի համար հարկավոր է երեխայի հոր համաձայնությունը, բայց, Հասմիկի խոսքերով, հայրը՝ Արտակը, իր համաձայնությունը չի տալիս։ «Ես պարզապես չգիտեմ ում դիմեմ, ինչ անեմ եւ զարմացած եմ, թե ինչքան անսիրտ պետք է մարդ լինի, որ ամեն րոպե իր երեխայի մահվանը սպասի: Վերջապես այդ երեխայի երակներում իր արյունն է հոսում: Ես չեմ ուզում, որ մարդիկ ինձ կամ երեխայիս խղճան։ Աստված մեծ է, մի լավ բան կլինի, այս պահին ինձ համար ամենակարեւորը երեխայիս առողջությունն է»,- ասում էր անհույս մայրը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել