Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՃԱՆԱՉԵ՞Լ, ԹԵ՞ ՈՉ

Ապրիլ 30,2010 00:00

Մեկնաբանություններ՝ ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթաց սկսելու շուրջ

\"\"

«Էդ ինչո՞ւ Թուրքիան դեռ 1974 թվականին ճանաչեց Կիպրոսի թուրքական հատվածի անկախությունը, մենք ինչի՞ց ենք վախենում, ինչո՞ւ չենք ճանաչում Ղարաբաղի անկախությունը»,- «Առավոտի» հարցին հարցով պատասխանեց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը՝ անդրադառնալով ԼՂՀ նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանի՝ սփյուռքյան կառույցներին ուղղված՝ Արցախի միջազգային ճանաչման գործընթաց սկսելու նախաձեռնությանը: Մեր զրուցակիցը միանշանակ ողջունելի է համարում առաջարկը, նույնիսկ՝ ուշացած, մանավանդ որ՝ համոզված է. «Արցախյան հարցն այսօր դարձել է Հայ Դատի, Ցեղասպանության, պահանջատիրության հարցերից մեկը: Մենք վաղուց պետք է ճանաչեինք Արցախի անկախությունը եւ գնայինք այլ ճանապարհով, թող աշխարհը, Ադրբեջանն ու Թուրքիան մտածեին: Դա միակ ճիշտ ճանապարհն է: Աշխարհի հզորներն իրենց ռազմավարական խնդիրներն են լուծում, մեր խնդիրները նրանց, կներեք, բացարձակ չեն հետաքրքրում, ու մենք էլ կանգնում ենք կործանման եզրին: Ի՞նչ պետք է անել այս իրավիճակում: Ոչ ոք չի գալու մեր խնդիրները լուծի, մենք պետք է լուծենք, մենք էլ թողած՝ մտածում ենք, որ Եվրոպայից ինչ-որ Եվրախորհուրդ պիտի գա ու մեր հարցերը լուծի»: Նման մոտեցումն «աբսուրդ եւ միամտություն» որակելով՝ Գառնիկ Մարգարյանն էլ իր հերթին սթափվելու եւ նման ողջամիտ մոտեցումներին ազգովին նեցուկ լինելու կոչ է անում. «Երբ մենք լուծում գտնենք, բոլորը դրա հետ կհամաձայնեն, այդ թվում նաեւ Արցախի անկախության հարցում: Բանալին մեզ մոտ է»:

ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանին ԼՂՀ հարցի կարգավորման գործընթացում առավել մտահոգում է խնդրի հնարավոր ընդարձակումը՝ նոր խաղացողների ներգրավմամբ: Նման մտահոգությունների տեղիք են տվել վերջին շրջանում միջնորդական առաքելություն իրականացնելու Տաջիկստանի, ապա՝ Ղազախստանի եւ այժմ էլ Իրանի ցանկությունները ու Թուրքիայի՝ նման մշտական նկրտումները։ Ըստ նրա, դա նշանակում է, որ Ղարաբաղն իր խնդրով դառնում է շատ լուրջ եւ ուժեղ խաղացողների կռվախնձոր, ինչը, բնականաբար, օգուտ չի կարող բերել հարցի ինքնորոշման ճանապարհով լուծմանը: Լուծման լավագույն տարբերակը նա համարում է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնության գալը, բայց եռանախագահների ինստիտուտից հարցի ընդլայնումը վտանգավոր է համարում: «Առավոտի» հարցին՝ մտահոգությունների այս ֆոնին առավել ընդունելի չէ՞ Արցախի միջազգային ճանաչման գործընթացը սկսելը, գուցե դա փրկի իրավիճակը, պարոն Մանուկյանը պատասխանեց. «Եթե դա օգներ, կարելի էր այդ մասին մտածել, բայց միայն Հայաստանի ճանաչումով ավելի նպաստավոր վիճակում չեմ կարծում, թե կհայտնվենք: Ընդհանրապես, ԼՂՀ հարցն իր էությամբ հիմա այնքան է մեծացել, որ, ցավոք, անգամ Արցախի ժողովրդի ու Հայաստանի կամքը շատ քիչ դեր ունի հարցի լուծման առումով: Մենք մեծ խնդիրների փոքր մասն ենք: Գործընթացն այժմ ի հակառակ Արցախի ու Հայաստանի է գնում, ինքնորոշումն էլ դարձել է մոռացված եւ հեռավոր մի բան»:

ՀՅ Դաշնակցության Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն էլ «Առավոտի» հարցին ի պատասխան՝ նկատեց, որ Մասիս Մայիլյանը նոր բան չի ասում, եւ որ Դաշնակցությունն արդեն անում է հնարավորը՝ Արցախի միջազգային ճանաչման համար. դա քարոզչությունն է. «Համայնքները կամ հասարակական կազմակերպությունները չէ, որ մնացյալ հարցերը պետք է կարողանան իրականացնել: Պարզ օրինակը ԱՄՆ Կոնգրեսի կողմից ԼՂ-ին տրամադրվող ամենամյա օժանդակությունն է: Իրենք Լեռնային Ղարաբաղ են գրում, ԼՂ Հանրապետություն չեն գրում, բայց դա ուղղակի հանրապետությանը չի՞ տրամադրվում»: Մեր զրուցակիցը պնդում է, որ այլ շրջանակներում էլ սփյուռքյան կառույցները մշտական աշխատանք տանում են, բայց. «Դա չի կարող լինել անկախ եւ անջատ, երբ կա բանակցային գործընթաց: Մի կողմից՝ բանակցում են ինչ-որ կարգավիճակ ապահովելու մասին, դրան զուգահեռ՝ ինչքան էլ ասես, որ լավ կլիներ անկախությունը ճանաչել՝ հանգիստ չի ընկալվում. անմիջապես հակադարձում են՝ եթե բանակցում են, ինչո՞ւ եք այլ առաջարկ անում: Իսկ քարոզչություն միշտ էլ տարվում է»: Հարցին՝ իրատեսական համարո՞ւմ եք հարցի լուծումը բանակցությունների դադարեցման եւ միջազգային ճանաչման գործընթաց սկսելու տարբերակով, պարոն Մանոյանը նկատեց, որ ՀՅԴ-ի պատկերացմամբ՝ Հայաստանն Արցախի անկախությունը պետք է ճանաչի միայն, երբ բանակցությունները հայտնվեն փակուղում եւ նոր միայն կարելի կլինի այլոց էլ դիմել ճանաչման համար: Բանակցային գործընթացում մեր զրուցակիցը ներկայումս փակուղի չի տեսնում. «Հիմնական հարցերում առաջընթաց չլինելը դեռ չի նշանակում փակուղի: Բանակցում են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել