Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱՐԴՈՒ ԵՎ ՇԱԽՄԱՏԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Ապրիլ 30,2010 00:00

\"\"Թերեւս տարածությունը նույնպես հորիզոնական է, եւ ժամանակն՝ ուղղահայաց, ինչպես կինն ու տղամարդը, այդպես էլ կաթն ու ծոնթը, որ իմ մանկության տարիներին Ջավախքում համարվում էր չափ ու կշռի լավագույն ձեւը, այսինքն թե՝ ինչ չափով վերցրել ես, նույն չափով էլ պիտի վերադարձնես: Եվ ծոնթը՝ մասրենու այդ պարզ ճյուղը, շեշտում, ընդգծում, հաստատում էր հայտնիի սահմանը անհայտության մեջ ու ձեւակերպում՝ տալ ու առնելիքի, ուտող-ուրացողների եւ ուտող-սուրացողների այս անարդար աշխարհը…

Արդարաստեղծ ծոնթի մասին ես կարող էի երբեք էլ չհիշել, եթե չտեսնեի, թե ինչպես բանավոր երկրից դառնում ենք գրավոր եւ վերջնականապես հրաժարվելով հույսերս նարդու զառի վրա դնելուց՝ գլուխներս հակում ենք շախմատի տախտակի վրա, ուր ոչ թե հաղթում է պատահականությունը, այլ՝ ճանապարհ ընտրելու երեւակայելու կարողությունը, քանզի մեր շուրջն ու աշխարհում խելացի կամ խելոք խոսող մարդիկ շատ են, բայց մեծ ու հզոր է դառնում այն ազգն ու առաջնորդը, որի երեւակայությունն է մեծ:

– Եթե իմ մազերն իմանան, թե ինչ է մտածում իմ գլուխը, ես կսափրեմ գլուխս,- ասաց Մահմուդ Երկրորդը եւ գրավեց Կ. Պոլիսը: Ու աշխարհի աչքի առաջ գրավեց Կ. Պոլիսը՝ դարձնելով Ստամբուլ: Հայրասպան սուլթանը, անշուշտ, երեւելի ու հեռատես զորավար էր եւ հիմնադիրը անըմբռնելի ու անհաստատուն թուրքական քաղաքականության: Էրդողանը, թերեւս, նույնպես նրա ժառանգորդն է, բայց կարծես թե մի տեղ վրիպեց՝ հռչակելով մեկ ազգ, երկու պետություն՝ ժամանակների մեջ արդեն, կարծես թե, արժեզրկված կարգախոսը: Հռչակեց ու դարձավ իր իսկ արտահայտության գերին, որն ինձ այսօր հիշեցնում է իմ հրաշալի ընկերոջ, քեֆը լավ ժամանակ, իր մայրիկին ասած մի անեկդոտիկ պատմություն. -Մարե, ուզում եմ մի էշ առնենք: -Քաղաքում էշը առնում ես՝ ի՞նչ անես,- հարցնում է մայրը: -Խոտ կբերենք,- ասում է ընկերս: -Խոտը բերում ես՝ ի՞նչ անես,- հարցնում է մայրը: -Բա, որ էդ էշն առնում ենք, ի՞նչ պիտի ուտի,- զարմանում է ընկերս… Ինչեւէ, մեր պատմության մեջ, կարծես թե մենք զառ բռնել չսովորեցինք, ուրեմն, այնպես որ, ճիշտը շախմատ խաղալն է, այսինքն՝ մեր ծոնթելու ժամանակն է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել