Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայ պատվիրակները մնացին մենակ

Ապրիլ 30,2010 00:00

\"\"Մերժվեցին Չավուշօղլուի հեղինակած բանաձեի վերաբերյալ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամների բոլոր առաջարկները:

ԵԽԽՎ-ն ապրիլի 28-ին քննարկեց «Ի հիշատակ նախկին Խորհրդային Միության երկրներում Մեծ սովահարության (Գոլոդոմորի) զոհերի» զեկույցը, որի հեղինակը Մեւլութ Չավուշօղլուն է: Խոսքը 1930-ական թվականներին Բելառուսում, Ղազախստանում, Մոլդովայում, Ռուսաստանում եւ հատկապես Ուկրաինայում ստալինյան ռեժիմին զոհ դարձածների մասին է: Ու թեեւ ընդունված 1723 բանաձեւում չօգտագործվեց «ցեղասպանություն» որակումը եւ ընդամենը նշվեց, թե Վեհաժողովը նրանց ճանաչում է իբրեւ «սովետական ռեժիմի զոհեր», սակայն 5-րդ կետում հիշատակված է, թե Ուկրաինայում «այդ ողբերգական իրադարձությունները կոչվում են «Գոլոդոմոր» (քաղաքական դրդապատճառներով՝ սովահարություն) եւ ուկրաինական օրենսդրությամբ ճանաչված են իբրեւ ցեղասպանություն»:

Չավուշօղլուի նախապատրաստած բանաձեւի 11-րդ կետով Վեհաժողովը խստորեն դատապարտում է այն դաժան քաղաքականությունը, որը հանգեցրեց «միլիոնավոր անմեղ մարդկանց մահվան՝ որպես մարդկության դեմ կատարված հանցագործություն», նաեւ մերժվում են բոլոր փորձերը՝ արդարացնելու այդ քաղաքականությունը: 12-րդ կետով ԵԽԽՎ-ն ողջունում է «ջանքերը՝ ուղղված պատմական արդարության բացահայտմանը, ինչպես նաեւ՝ հանրության իրազեկման մեծացմանը անցյալի այդ ողբերգական իրադարձությունների նկատմամբ»:

Եվ չնայած բանաձեւի վերոհիշյալ դրույթները նույն հաջողությամբ կարող էին կիրառվել դրա հեղինակի հայրենիքի՝ Թուրքիայի նկատմամբ Հայոց ցեղասպանության առնչությամբ, ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը միահամուռ դեմ քվեարկեց այդ բանաձեւին: Պատճառն այն էր, որ մերժվեցին բանաձեւի 16-րդ կետը փոփոխելու նրանց բոլոր առաջարկները: Ըստ այդ դրույթի՝ ԵԽԽՎ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ փորձերից՝ քաղաքական ազդեցություն ունենալ պատմաբանների վրա եւ կանխորոշել անկախ գիտական հետազոտությունների արդյունքները:

ԵԽԽՎ 65 պատվիրակներ «դեմ» քվեարկեցին հայ եւ 2 ֆրանսիացի պատվիրակների առաջարկին՝ դրա փոխարեն բանաձեւում գրել, թե Վեհաժողովը կոչ է անում ԵԽ անդամ բոլոր պետությունների քաղաքական գործիչներին՝ «ձեռնպահ մնալ ցանկացած գործողություններից, որոնք ուղղված են պատմական ճանաչված փաստերի կեղծարարությանը կամ վերանայմանը»: Ընդամենը 13-ը քվեարկեցին «կողմ»:

67 «դեմ», 8 «կողմ», 5 «ձեռնպահ»՝ քվեարկության այս արդյունքներով էլ մերժվեց առաջարկը բանաձեւի 16-րդ կետում կատարել հետեւյալ լրացումը, թե նաեւ հասարակական այն գործիչների վրա, որոնք իրենց ազգային պատմության առնչությամբ ազնիվ ու անաչառ երկխոսություն են ծավալում՝ քաղաքական ազդեցություն չպետք է գործադրվի, «այդ թվում նաեւ՝ իրենց ազգային օրենսդրության վերանայմամբ, որը խոչընդոտում է նման երկխոսությանը»:

Նկատենք, որ Հայաստանի պատվիրակների առաջարկներին հրապարակավ առարկում էին միշտ Ադրբեջանի պատվիրակները՝ պնդելով, թե սրանք փորձեր են՝ «օգտագործել միլիոնավոր մարդկանց ողբերգությունը քաղաքական նպատակներով»: Իսկ Գյուլթաքին Հաջիբեյլին նշեց, թե ակնարկներ են արվում որոշ հանգամանքների, որոնք ոչ մի կապ չունեն Ուկրաինայում զոհված միլիոնավոր մարդկանց ողբերգության հետ: Մինչդեռ այդ հայտարարությունից քիչ առաջ ելույթ էր ունեցել Ադրբեջանի պատվիրակության մեկ այլ անդամ՝ Գանիրա Փաշաեւան, եւ հայտարարել, թե իր ազգն էլ է տուժել ստալինյան ռեժիմից՝ «1920 թվականին Զանգեզուրի շրջանը, որն Ադրբեջանի հինավուրց հատվածն է՝ բռնի կերպով վերցվեց Ադրբեջանից եւ տրվեց Հայաստանին: 1948-1953թթ. ամբողջատիրական ստալինյան ռեժիմի օրոք հարյուր-հազարավոր ադրբեջանցիներ արտաքսվեցին Հայաստանից»: Եվ «Գոլոդոմորին» սերտորե՜ն առնչվող այս ելույթն ավարտեց այսպես. «Այո, ինչպես ասվում է բանաձեւի նախագծում՝ մենք պետք է ուսումնասիրենք պատմությունը, որ թույլ չտանք ապագայում նման դեպքերի կրկնությունը»:

Հ. Գ. Երեկ ԵԽԽՎ նիստում հիշատակվեց, որ «Հայաստանի Ցեղասպանության ճանաչման մասին» գրավոր հայտարարությանը միացել են 26 պատվիրակներ: Նրանք «ԵԽԽՎ բոլոր անդամներին կոչ են անում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության իրականացրած Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, ինչը լուրջ ներդրում կլինի, որ մարդկության դեմ այդ զազրելի հանցագործությունը ճանաչվի նաեւ թուրքական իշխանությունների կողմից»: Ուշագրավ է, որ թեեւ Ռուսաստանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության 36 անդամներից (18 հիմնական, 18 փոխարինող) միայն մեկն է միացել հայ պատվիրակների նախաձեռնած այս հայտարարությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել