Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԷԼԻ ԽԱՂԱԹՈ՞ՒՂԹ ԴԱՐՁԱՎ

Ապրիլ 30,2010 00:00

\"\"Ցեղասպանության հարցն այս անգամ օգտագործում է Իսրայելը

Այս օրերին Իսրայելում է գտնվում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը: Նա, որ արդեն հասցրել է հանդիպումներ ունենալ այդ երկրի տարբեր, այդ թվում՝ խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ, «Առավոտի» հետ զրույցում որոշ մանրամասներ փոխանցեց Իսրայելի Կնեսետում չորեքշաբթի օրը Հայոց ցեղասպանության հարցը խորհրդարանի օրակարգ ընդգրկելու մասին օրինագծի ընդունման վերաբերյալ: Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Իսրայելի խորհրդարանի պատգամավորներն օրինագիծն ընդունել էին ձայների 12 կողմ, 8 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ (հիշեցնենք, որ Իսրայելի Կնեսետը ընդհանուր առմամբ 120 պատգամավոր ունի):

Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը Իսրայելի Կնեսետում քննարկելու առաջարկը եղել էր երկրի ընդդիմադիր «Մերեց» կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Հայիմ Օրոնինը: Ինչպես Հովհ. Իգիթյանն ասաց, այդ կուսակցությունը Կնեսետում ներկայացնում են ընդամենը երեք պատգամավորներ, որոնք մտածելով, որ աշխարհում իրավիճակ է փոխվել եւ հնարավոր է, որ օրինագիծն օրակարգ մտնի, հանդես են եկել նման նախաձեռնությամբ: «Բայց ստացվեց այնպես, որ Կնեսետում ներկայացված խոշոր մյուս կուսակցությունների՝ «Լիկուդի» եւ ԿԱԴԻՄԱ-ի ներկայացուցիչներն այդ նախաձեռնությանը դեմ չարտահայտվեցին: Նրանք Կնեսետում «Մերեցի» պատգամավորների հետ բանավիճում էին այլ հարցի շուրջ՝ մինչեւ խորհրդարանի քննարկմանն ու քվեարկությանը ներկայացնելը՝ այդ օրինագիծը խորհրդարանի ո՞ր հանձնաժողովում պիտի քննարկվի՝ արտաքին հարաբերությունների եւ պաշտպանությա՞ն, թե՞ գիտության, կրթության եւ մշակույթի: Ի դեպ, Կնեսետում նախագծին կողմ են քվեարկել նաեւ արաբ պատգամավորներ: Իշխանական թեւը, այդ թվում նաեւ «Լիկուդն» ու ԿԱԴԻՄԱ-ն առաջարկում էին հարցը նախ քննարկել արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովում, իսկ պատգամավորների մյուս մասը երկրորդ տարբերակի կողմնակից էր: Առաջին հայացքից թվում է, թե դա որեւէ նշանակություն պիտի չունենար, բայց բանն այն է, որ եթե որոշվի հարցը քննարկել արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հարցերի հանձնաժողովում, ապա դրանով օրինագիծը շատ կքաղաքականացվի: Խնդիրն այն է, որ այս հանձնաժողովում քննարկվում են արտաքին քաղաքական, դիվանագիտական եւ երկրի պաշտպանությանն առնչվող հարցեր: Պետք է հաշվի առնել նաեւ այն, որ Իսրայելում քաղաքական հարցերը միշտ դիտարկվում են պաշտպանության տեսանկյունից, որովհետեւ այս երկրի քաղաքականությունը հիմնված է պաշտպանության վրա՝ հաշվի առնելով Իսրայելի աշխարհագրական դիրքն ու նրան շրջապատող երկրները: Այդ պատճառով, իհարկե, եթե հարցը քննարկվի այդ հանձնաժողովում՝ արդարության եւ պատմության տեսանկյունից, ապա պետք է հաշվի առնվի, թե դա որքանով կազդի Իսրայելի պաշտպանության վրա: Ճիշտ է, վերջին շրջանում Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ որոշակի հակասություններ եւ հարաբերություններում էլ լարվածություն կան, բայցեւ հայտնի է, որ Իսրայելն ու Թուրքիան համագործակցում են հատկապես ռազմական ոլորտում եւ մեծ ծավալի ծրագրեր են իրականացնում, Իսրայելը Թուրքիայից մեծ քանակությամբ սպառազինություններ է ձեռք բերում: Հենց այդ պատճառով էլ, եթե Հայոց ցեղասպանության հարցը քննարկվի այդ հանձնաժողովում, պարզ է, որ վերջինս հարցը կդիտարկի հենց այդ տեսանկյունից»,- իրավիճակն այսպես ներկայացրեց Հովհ. Իգիթյանը: Նա միաժամանակ շեշտեց, որ Իսրայելի Կնեսետում պատգամավորների այն հատվածը, որը գտնում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը պետք է քննարկի գիտության, կրթության եւ մշակույթի հանձնաժողովը՝ զուտ պատմական տեսանկյունից, ասում են, թե իրենց ուզածն ընդամենը մեկն է՝ այն, որ ճշմարտությունը արտացոլվի երկրի կրթական հաստատությունների պատմության դասագրքերում: Ի դեպ, ինչպես Հովհ. Իգիթյանն ասաց, օրինագծի նախաձեռնող «Մերեց» կուսակցությունը Կնեսետի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովում որեւէ անդամ չունի: Թե ինչ զարգացումներ կլինեն այս օրինագծի առնչությամբ, մեր զրուցակիցը դժվարացավ ասել, բայց շեշտեց. «Իմ կարծիքով, անկախ ամեն ինչից եւ առանձին ելույթներից, վճռորոշ է լինելու քաղաքական գործոնը, եւ այն, թե ինչ հետեւանք կարող է դրա ընդունումն ունենալ Իսրայել-Թուրքիա հարաբերությունների վրա»:

Արդյոք այն հանգամանքը, որ Կնեսետում ծավալված քննարկումների ժամանակ իր ելույթում Իսրայելի վարչապետի ներկայացուցիչն էլ չի դիմադրել օրինագիծը խորհրդարանի օրակարգ մտցնելուն եւ միայն առաջարկել է օրինագծի հետագա քննարկումը ծավալել արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովում, չի՞ վկայում այն մասին, որ, ինչպես շատ այլ երկրներում, Իսրայելում էլ կառավարությունն այդ հարցը պարզապես օգտագործում է իր քաղաքական շահերից եւ հավակնություններից ելնելով:

«Այո, իհարկե, եւ դա զգացվում է: Ես չեմ բացառում, որ Իսրայելը այս քննարկումով ուզում է Թուրքիային ցույց տալ, որ Ցեղասպանության հարցը միշտ կարող է օգտագործվել թե՛ Իսրայելում եւ թե՛ ԱՄՆ-ում: Ինչպես այլ երկրներում, Իսրայելում էլ հայ համայնքը, որը անհամեմատ փոքրաթիվ է, միշտ էլ փորձում է այդ հարցն առաջ մղել, բայց այս փոքրիկ հնարավորության պատճառներից մեկը նաեւ քաղաքական է եւ կապված է Իսրայել-Թուրքիա հարաբերությունների հետ»:

Հիշեցնենք, որ համանման օրինագծեր Կնեսետում ընդունվել են նաեւ 2008 եւ 2009թթ.-երին, հարցը կրկին տեղափոխվել է արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողով եւ մնացել դարակներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել