«Առավոտը» ստացել է Իտալիայում ՀՀ նախկին դեսպան Գագիկ Բաղդասարյանի նամակը, որով նա որոշ ճշգրտումներ է անում ս.թ. ապրիլի 24-ի համարում տպագրված՝ «Ովքե՞ր են մինչ այժմ ճանաչել Հայոց ցեղասպանությունը» վերտառությամբ հոդվածում Իտալիայում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:
Ըստ այդմ՝ առ այսօր (1997-2009թթ., հիմնական մասը՝ 1997-ին) Հայոց ցեղասպանությունը ճանաչած իտալական քաղաքների իրական թիվը ոչ թե 33 է, այլ 42:
Պարոն Բաղդասարյանը նաեւ տեղեկացրել է, որ Ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Իտալական քաղաքների ազգային ընկերակցությունը (ANCI), 17.06.1998, Հռոմի 20-րդ թաղապետարանը, 06.06.2001, Հռոմի գավառը, 16.06.2001, Բոլցանոյի գավառը, 6.11.2007, Հռոմի 2-րդ թաղապետարանը, 27.04.2009: Եվ վերջապես, ըստ Գ. Բաղդասարյանի՝ «Հայոց ցեղասպանությունը Իտալիայի խորհրդարանում ոչ միայն քննարկվել է 2000 թ. ապրիլի 3-ին, այլեւ երկրորդ անգամ քննարկվել է նույն թվականի հոկտեմբերի 20-ին եւ ճանաչվել է 2000թ. նոյեմբերի 17-ին»: