Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստում՝ ինչպես շախմատում

Ապրիլ 29,2010 00:00

Կամ՝ ինչպես ստեղծվեց Արմինե եւ Հարություն Կալենցների թանգարանը

«Շախմատ խաղում են բոլորը, բայց դրանից հասկանում են քչերը: Արվեստում, ինչպես շախմատում, լրջորեն պետք է զբաղվել: Երբ մարդը մշակույթից հեռանում է, կորցնում է բալանսը: Արվեստը խորանում է եւ հետեւից հասնել է պետք, ցավոք այսօր հասարակությունը մշակույթից հեռանալու միտումներ ունի: Դրա համար կարեւոր է, որ արվեստագետները ժողովրդի եւ իրար հետ հաճախ հանդիպելու, շփվելու հնարավորություն ունենան: «Կալենց» թանգարանի ստեղծումը նաեւ այս նպատակն ունի»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է նկարիչ, Գեղարվեստի ակադեմիայի գունանկարի եւ գծանկարի ամբիոնի վարիչ, «Կալենց» թանգարանի հիմնադիր Սարո Գալենցը: 20-րդ դարի հայ գեղանկարչության անհատականություններից մեկի՝ Հարություն Կալենցի անունը կրող ոչ այնքան հայտնի փողոցն օրերս մարդաշատ էր. Արմինե եւ Հարություն Կալենցների հիմնած տուն-արվեստանոցը լայն հասարակությանն այսուհետեւ թանգարան է ներկայանալու: Ի դեպ, այս տարի լրանում է նկարչի ծննդյան 100 եւ նրա կնոջ՝ նկարչուհի Արմինե Կալենցի 90-ամյակները: Թանգարան ունենալը հիմնադիրների 43 տարվա երազանքն է եղել, նկարչի մահվանը հաջորդող օրվանից նման գաղափար եղել է, բայց այն այդպես էլ չի ստեղծվել, եւ ստիպված ընտանիքն է որոշել այն կառուցել եւ երազանքն իրականության վերածել: Հարություն Կալենցի կյանքի ուղին, հատկապես մանկությունը ծանր է եղել. 1915-ի դաժան դեպքերից հրաշքով փրկված 5-ամյա տղան 7 տարի ստիպված է եղել Հալեպի որբանոցում անցկացնել, իսկ ֆրանսիացի նկարիչ Կլոդ Միշլեի հետ նրա հանդիպումը մեծ ազդեցություն է ունեցել նկարչի հետագա կյանքի վրա: 1946-ին Կալենցը Հայաստանի նկարիչների միության անդամ է դառնում, բայց 3 տարի անց նրան մեղադրում են ֆորմալիզմի եւ կոսմոպոլիտիզմի մեջ եւ հեռացնում միությունից:
«Թանգարանն ունի հարուստ հավաքածու: Ցուցադրված աշխատանքները ներկայացնում են Հարություն Կալենցի ստեղծագործական բոլոր էտապները, ներառյալ նաեւ Բեյրութում ստեղծած գործերը, որը նկարիչն ինքն էր 46 թվականին Հայաստան գալով իր հետ բերել: Արմինե Կալենցի սրահը հարուստ դիմանկարային սրահ է»,- մեզ հետ զրույցում նշեց նորաստեղծ թանգարանի տնօրեն Լարիսա Կատասանովան: Նա նաեւ հայտնեց, որ թանգարանում կազմակերպվելու են ժամանակակից արվեստի ցուցադրություններ, արվեստի խնդիրներին վերաբերող քննարկումներ եւ այլ միջոցառումներ:
Թանգարանի 2 հարկերում ցուցադրվող աշխատանքների թեթեւ, անսահման գույներում լավատեսություն է: «Կալենցների մեջ մի ընդհանուր գիծ կա՝ բարություն, սեր ու նվիրում: Ինչ ձեւի մեջ կնկարես՝ նշանակություն չունի, այս երկու նկարիչները նկարելու բոլորովին ուրիշ սկիզբ ունեն: Արվեստը նման է աստիճանների, կան արվեստագետներ, որ կառուցում են արվեստի ուղղահայաց, այսպես ասած՝ բարձրացող մասը: Կան որոշներն էլ, որ խորացնում, մշակում են դրա տեսակները: Կալենցներն այն նկարիչներն են, որոնք այս ուղղահայացն են կառուցել Հայաստանում»,- այսպես է ներկայացնում ծնողների արվեստը Ս. Գալենցը: Արվեստաբան, արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի նախագահ Նազարեթ Կարոյանի խոսքով՝ «Կալենցը կապ ստեղծեց օբյեկտիվության, բնության եւ սուբյեկտիվության միջեւ: Բազմաթիվ աշխատանքներին նայելիս հասկանում ենք, որ նա դիմանկարների մեջ փորձ է անում տեսնել բնապատկերներ եւ հակառակը՝ բնապատկերներում անպայման ինչ-որ դիմանկարային մոտիվներ կան: 60-ական թվականներին հայկական գեղանկարչության հենակետերից մեկը Կալենցի ստեղծագործությունն էր: Դրանից հետո արվեստագետներն ինչ-որ բան փորձելիս իրենց մտքում ունենում են Հ. Կալենցի ստեղծած պատկերը»: Նկարիչ ամուսինների ստեղծագործական ավանդույթները շարունակում են հետնորդները: «Կալենցը գունանկարիչ էր, ես իմ ներկապնակից հանել եմ գույները: Եղբայրս՝ Արմեն Կալենցը, հիանալի նկարում էր, բայց տեսնելով ծնողների կյանքի դժվարությունները, ընտրել է ինժեների մասնագիտությունը…»,- ասաց Ս. Գալենցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել