Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՈՒԶՈՂՆԵՐԻ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 29,2010 00:00

«Պետության հետ խնդիր չունենք»

Օրերս ինտերնետային կայքերում եւ բլոգներում հայտնվեցին լուրեր այն մասին, որ «Aftershock republik» ակումբը փակվէլ է:
Ըստ www.paparazzi.am կայքի՝ նման ինֆորմացիա տարածվել է անձամբ ակումբի տնօրեն Միհրան Գրիգորյանի կողմից:
Ինչպես գրում է paparazzi.am կայքի հեղինակ Արթուր Վարդանյանը. «Մի քանի օր առաջ www.facebook.com-ում հաղորդագրություն ստացա Միհրանից՝ Aftershock-ը ժամանակավոր փակ է: Հետո ընկերներիցս լսեցի, որ այն փակվել է էլեկտրաէներգիայի վարձը չմուծելու պատճառով: Չհասկացա՝ դա կատակ էր, թե լուրջ, այնուամենայնիվ, պարզվեց՝ ակումբն իսկապես փակ է: Երբ փորձեցի Միհրանից ավելի մանրամասն տեղեկություններ ստանալ, տեսա, որ իր Facebook-ի «ստատուսում» գրել է՝ «Don’t ask», այսինքն՝ մի հարցրեք, մի հետաքրքրվեք…»:
Ելնելով տարածված լուրերից՝ «Առավոտը» կապվեց ակումբի տնօրեն Միհրան Գրիգորյանի հետ: Նա փաստեց, որ ակումբն իսկապես փակ է. «Այո, այն հիմա չի գործում: Բայց դա ժամանակավոր է: Ակումբում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ: Կար մի խնդիր՝ ամենակարեւոր հոսանքի մալուխներից մեկը, որն անցնում է գետնի տակով, վառված էր: Մալուխը փոխելու համար պահանջվում էին վերանորոգման աշխատանքներ, ինչն էլ մենք, նախքան դեպքը պատահելը, արդեն նախատեսել էինք: Իսկ վնասված մալուխը եղավ առիթ՝ սկսելու այդ ընդհանուր վերանորոգման աշխատանքները»:
Ըստ Միհրանի՝ ակումբի չգործելու պատճառը էներգիայի վարձը չվճարելը չէ. «Դրանք չուզողների խոսակցություններ են: Ասում են նաեւ, իբր մեզ մոտ մարդ է սպանվել, նարկոտիկ են գտել, հարկայինն է եկել փակել… Բայց այդ ամենը իրականությանը չի համապատասխանում: Հայտարարում եմ՝ մենք պետության հետ ոչ մի խնդիր չունենք, կոմունալ վճարումներն էլ ժամանակին, տեղը տեղին վճարում ենք: Խնդիրը զուտ տեխնիկական է: Կային որոշակի անսարքություններ, ինչպես նաեւ՝ ակումբին նոր տեսք հաղորդելու միտում, այդ նպատակով էլ ժամանակավոր փակվել է: Չուզողների մասով էլ ասեմ՝ Հայաստանում առանց նրանց, կարելի է ասել, անհետաքրքիր կլիներ. յուրաքանչյուր ակումբի տեր ուզում է մյուսներից ավելի լավ աշխատել, մեծ շահույթ ունենալ: Դե, Aftershock-ը եւս մրցակիցներ ունի, որոնք մեր վարկանիշը գցելու համար անիմաստ բամբասում են»:
Հարցին՝ կոնկրետ ո՞ր ակումբներն են մրցում Aftershock-ի հետ՝ Միհրան Գրիգորյանը չպատասխանեց, նշելով. «Բոլոր ակումբների տնօրենների հետ մտերիմ եմ եւ չեմ կարող անուններ տալ ու չեմ կարող ասել՝ որեւէ ակո՞ւմբ է տարածում նմանատիպ անհեթեթ լուրեր, թե՞ պարզապես ինչ-որ մարդիկ, որոնք ոչ մի կապ չունեն ակումբների կամ դրանց տերերի հետ: Համենայնդեպս, այս ամենի մեջ կա մի միտում, կարծում եմ, ինչ-որ մեկին պետք է Aftershock-ի անունը գցել… Իսկ մենք այդ ամենը գիտակցելով՝ ոչ մեկի դեմ ոչինչ չունենք»:
Ծնունդով իսրայելցի Միհրան Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ Հայաստանում ակումբ պահելն ինչքանո՞վ է հեշտ, նրա բնորոշմամբ՝ «Ահավոր դժվար է. Իսրայելում ես ակումբ չեմ ունեցել, բայց ընկերներս ունեցել են եւ կողքից տեսել եմ՝ ինչ բան է ակումբ աշխատեցնելը: Այստեղի հետ համեմատելի չէ. քանի որ Իսրայելում ակումբները պետության կողմից աջակցություն ունեն, խրախուսվում է դրանց պահպանումը, կան հատուկ օրենքներ, հատկացված տարածքներ, որ, ասենք՝ մարդկանց քունը, անդորրը չխաթարվի, իսկ այստեղ վիճակը խառն է. ով որտեղ ուզում ակումբ է բացում, դա էլ առաջացնում է բազմաթիվ խնդիրներ»:
Թե ինչ բողոքներ է ստացել Aftershock ակումբը՝ Մ. Գրիգորյանը նշեց. «Ձայնի, բարձր երաժշտության առումով բողոքներ չենք ստացել, բայց եղել են դեպքեր, երբ ակումբից մարդիկ բարձր տրամադրությամբ դուրս են եկել, բնակելի շենքերի մոտ մի փոքր հարբած վիճակում բարձրաձայն խոսել, երգել են: Իսկ այդ բողոքը ոչ թե մարդկանց է հասցեագրվում, այլ անմիջապես ակումբին. ինչն էլ, իմ կարծիքով, սխալ է: Նույն հաջողությամբ մարդ կարող է շաուրմայանոցից էլ դուրս գա եւ աղմկի, իսկ դա չի նշանակում, որ շաուրմայանոցը պետք է պատասխան տա դրա համար»:
Երեկույթների ժամանակ տեղի ունեցող ընդհարումների, վեճերի մասին էլ ասաց. «Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ հայերը հենց մի քիչ խմում են՝ ագրեսիվ են դառնում: Դրսում մարդիկ «կլուբ» գալիս են ուրախանալու, ոչ թե խմելու, իրենց կորցնելու եւ լավ տղա երեւալու համար: Միջադեպերը մեր ակումբում մյուսների համեմատությամբ բավականին քիչ տոկոս են կազմում, որովհետեւ ապահովում ենք խիստ անվտանգություն»:
Վեճերի առիթները, ըստ մեր զրուցակցի, ծիծաղելի պատճառներն են. «Օրինակ, որ ալկոհոլի ազդեցության տակ մեկը մյուսին մի ուրիշ ձեւ է նայում, աչքն աչքին է ընկնում՝ լինի դա տղան տղային կամ աղջկան: Բայց հիմնականում՝ վեճերը աղջիկների թեմաներով են լինում»:
Անդրադառնալով ակումբի վերաբացմանը, տնօրենը հայտնեց՝ «Հավանաբար կբացվենք մայիսի 1-ին, իսկ եթե հանկարծ չհասցնենք, ապա՝ մայիսի 7-ին: Շատ շուտով, ինչպես նախկինում՝ կշարունակենք ուրախանալ եւ լավ ժամանակ անցկացնել Aftershock republik-ում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել