Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Վիշվանաթան Անանդ-Վեսելին Տոպալով՝ Սոֆիայում ընթացող մրցամարտի երրորդ պարտիայում մրցակիցները ոչ-ոքի խաղացին եւ հաշիվը դարձավ 1,5:1,5:
Տոպալովի մասնակցությամբ գրեթե բոլոր մրցամարտերում սկանդալային իրավիճակներն անխուսափելի են: Ու դրա հիմնական հրահրողը, որպես կանոն, բուլղարացու մենեջեր Սիլվիո Դանիլովն է: Մասնավորապես, հիշենք Վլադիմիր Կրամնիկի հետ Խանտի-Մանսիյսկում անցկացված մրցամարտը, որը պատմության մեջ մտավ «Զուգարանային մրցամարտ» պատիվ չբերող անունով:
Ճիշտ է, շախմատասերները հույս ունեն, որ այս անգամ մեծ սկանդալներ չեն լինի, սակայն, ինչպես երեւում է, մանր-մունր խնդիրներից (թեեւ շախմատում այդպիսիք չեն լինում) խուսափել հնարավոր չէ: Օրինակ, դեռ պայքարն սկսվելուց առաջ Տոպալովն իր մենեջերի իմացությամբ եւ թույլտվությամբ հայտարարել էր, թե այս մրցամարտն ընթանալու է, այսպես կոչված, «Սոֆիայի օրենքներով»: Այսինքն, ամբողջ մրցամարտի ընթացքում խաղատախտակի շուրջ շախմատիստների միջեւ միմյանց հետ ցանկացած անմիջական շփում բացառվելու է, ու կապն իրականացվելու է միայն մրցավարի միջնորդությամբ: Հնդիկ գրոսմայստերն էլ պատասխանը չէր ուշացրել. «Ես խաղում եմ աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցամարտի համար սահմանված օրենքներով»:
Երրորդ տուրում առաջին ստուգողական ժամանակը լրանալուց հետո, հավատարիմ իր այս նոր սկզբունքին, Տոպալովը դիմեց մրցավարին, հավանաբար՝ մրցակցին խաղաղ դաշն առաջարկելու մտադրությունով: Երբ մրցավարը մոտեցավ խաղասեղանին, Անանդն առանց նրա կողմը նայելու կատարեց հերթական քայլը: Եվ միայն խաղատախտակի վրա դիրքը երեք անգամ կրկնվելուց հետո ոչ-ոքի արձանագրվեց:
Մրցամարտը լուսաբանող լրատվամիջոցները տեղեկացնում են, որ երրորդ տուրից հետո Տոպալովը եւ Անանդը դոպինգ ստուգման են ենթարկվել, որը Սոֆիայի Զինվորական ակումբի (մրցամարտն ընթանում է այդտեղ) երկու տարբեր սրահներում կատարել է ՖԻԴԵ-ի դոպինգային ծառայության պատասխանատու Աննա Բելինը: