Իտալիայում լույս կտեսնի «Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը. վանքեր եւ լեռներ Մետաքսի մեծ ճանապարհին»՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իտալերեն լեզվով ուղեցույց: Այդ մասին «Արմինֆոյին» հաղորդել է ուղեցույցի հեղինակ Նադյա Պասկալը: «Գրքի առաջին մասը կպարունակի ընդհանուր տեղեկատվություն Հայաստանի վերաբերյալ եւ այն մասին, թե ինչպես կարելի է այնտեղ այցելել, տեղեկություններ ազգային խոհանոցի, ինչպես նաեւ այդ երկրի պատմության, կրոնի, մշակույթի, լեզվի եւ արվեստի մասին: Երկրորդ մասում ներկայացված են ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում տուրիստական երթուղիները` տեսարժան վայրերի, ինչպես նաեւ բնակավայրերի նկարագրությամբ»,- նշել է Ն. Պասկալը: Ուղեցույցը լույս կտեսնի Polaris հրատարակչությունում: Ինչպես հաղորդել են հրատարակչությունում, գիրքը կհրատարակվի մինչեւ մայիսի վերջը`շուրջ 2,5 հազար տպաքանակով, եւ կտարածվի Իտալիայի գրադարաններում, ինչպես նաեւ տուրիստական գործակալություններում: