«Համո Սահյան» հիմնադրամը, բարերար Վահագն Հովնանյանի աջակցությամբ, ստեղծել է «Համո Սահյան» հուշամեդալ: Առաջին հուշամեդալներն այսօր Հայաստանի ազգային գրադարանում կհանձնվեն հասարակական-քաղաքական գործիչ Վլադիմիր Մովսիսյանին, ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին, գրականագետ Ֆելիքս Մելոյանին, կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանին, Սասուն Պասկեւիչյանին, քանդակագործ Գետիկ Բաղդասարյանին, Գյումրիի պետական համալսարանի դասախոս Նաիրա Խաչատրյանին եւ անգամ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, որը ավելի շատ հայտնի է քրեական, քան գրական հակումներով: Հայ գրական, մշակութային կյանքում ունեցած ներդրումների համար մեդալակիրները կստանան նաեւ «Համո Սահյան» հիմնադրամի շնորհակալագիր, Հ. Սահյանի «Ինձ բացակա չդնեք» ժողովածուի էլեկտրոնային CD-ն` հեղինակի ընթերցմամբ: Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ ո՞ր արժանիքի համար է Սյունիքի մարզպետը նշյալ երեւելիների հետ ստանում նույն մեդալը: Նա պատասխանեց, որ դա Ազգային գրադարանի միջոցառումը չէ, ուստի ինքը ոչնչից տեղյակ չէ: