Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկն ու ֆրանսիական երաժշտությունը

Ապրիլ 29,2010 00:00

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ապրիլի 30-ին կկայանա 20-րդ դարի ժամանակակից համաշխարհային դաշնամուրային երաժշտության համերգաշարի երկրորդ համերգը:
Համերգին կհնչեն Կ. Դեբյուսիի, Մ. Ռավելի, Մ. Օհանայի, Օ. Մեսիանի, Մ. Կարսկու, Պ. Դյուսապենի, Ֆ. Պուլենկի եւ Պ. Բուլեզի ստեղծագործությունները:
Երեկ այս առիթով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը կայացավ բազմաթիվ միջազգային մրցույթների եւ փառատոների դափնեկիր, դաշնակահար Հայկ Մելիքյանի ասուլիսը: Մասնագետների գնահատմամբ, այսօր Հայկ Մելիքյանը այս դարաշրջանների երաժշտության Հայաստանի լավագույն կատարողներից մեկն է: Նա պարբերաբար հանդես է գալիս Հայաստանի, Ֆրանսիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Գերմանիայի, Իտալիայի, ինչպես նաեւ Ճապոնիայի եւ Մեքսիկայի ամենահայտնի դահլիճներում: Հայկ Մելիքյանի նախաձեռնությամբ 2009 թ. հոկտեմբերից Երեւանում մեկնարկեց «20-րդ դարի եւ ժամանակակից համաշխարհային դաշնամուրային երաժշտության համերգաշար» նախագիծը, որի նպատակն է հայ ունկնդրին ներկայացնել աշխարհի ժողովուրդների 20-րդ դարի եւ ժամանակակից ակնառու կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունները:
Հ. Մելիքյանը հայ եւ օտարազգի բազմաթիվ ժամանակակից կոմպոզիտորների առաջին կատարողն է ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի շատ երկրներում:  Մելիքյանին համարում են այն արվեստի ավանդույթի շարունակողը, որը ձեւավորել է Ֆրանց Լիստն իր ամբողջ դաշնամուրային վարպետության ամբողջականությամբ` կատարողականությամբ, կոմպոզիտորական եւ իմպրովիզացիոն արվեստներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել