Լրահոս
Օրվա լրահոսը

Ծիծեռնակաբերդի ծաղիկները «կյանք» կառնեն

Ապրիլ 29,2010 00:00

Դրանք կվերածվեն Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար նախատեսված շնորհակալագրերի եւ հուշաթերթիկների:

Ապրիլի 24-ը համայն հայության համար հիշատակի օր է: Հազարավոր հայեր Սփյուռքից եւ Հայաստանից, ինչպես նաեւ բազմաթիվ օտարերկրացիներ Ծիծեռնակաբերդի բարձունքում իրենց հարգանքի տուրքն են մատուցում 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակին՝ Անմար կրակի մոտ թողնելով հարյուր-հազարավոր ծաղիկներ, որոնք խորհրդանշում են մեր ապրած անդառնալի կորստի ցավը: 
Այս տարի  Հայոց մեծ եղեռնի 95-րդ տարելիցի առիթով Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը՝ իր հիմնական գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հետ համատեղ հանդես եկավ մի շարք նախաձեռնություններով: Ապրիլ ամսվա ընթացքում իրականացնելով «Երկրի օրվա» շրջանակներում ընթացող միջոցառումներ՝ հիմնադրամն ապրիլի 22-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում հիմնված «Հիշողության պուրակը» համալրեց Արեւմտյան Հայաստանից բերված 95 տնկիներով:
Ապրիլի 27-ին հիմնադրամը խորհրդանշական միջոցառմամբ ամփոփեց Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Առաջին անգամ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի եւ հիմնադրամի նախաձեռնությամբ ու ջանքերով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Անմար կրակի շուրջ դրված ծաղիկները նորից «կյանք» կառնեն. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կամավորների, Արեւորդի էկո-ակումբների սաների, հիմնադրամի աշխատակիցների, միջոցառմանը մասնակից մի շարք կազմակերպությունների եւ անհատների միջոցով ցողունները ծաղկի գլխիկներից խնամքով առանձնացվեցին՝ հետագայում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այգու համար պարարտանյութ դառնալու նպատակով, իսկ ծաղկի թերթիկները հատուկ պայմաններում կչորացվեն՝ հետագայում դառնալով վերամշակված թուղթ, ինչը կվերածվի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար նախատեսված շնորհակալագրերի եւ հուշաթերթիկների: Համագործակցելով Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ՝ հիմնադրամը ոչ միայն մասնակցում է թանգարանի այգու խնամքին, այլեւ յուրովի վերաբերմունք է դրսեւորում այն բոլոր մարդկանց հանդեպ, ովքեր մեծագույն հուզմունքով ծաղիկներ են դրել Ցեղասպանության հուշարձանին. հուշաթերթիկներ, շնորհակալագրեր դարձած ծաղիկները թանգարանի հյուրերի, այցելուների համար մեր պայքարի ու ստեղծագործ գոյության խորհրդանիշը կլինեն:
Ուշագրավ է, որ կարեւորելով «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի եւ հիմնադրամի այս գաղափարը, նախաձեռնությանը, որպես կամավորներ, միացել են Հայաստանում մի շարք կազմակերպությունների՝ «Սթար» սուպերմարկետների ցանցի, Երեւանի պետական համալսարանի, ԵՊՀ Գավառի մասնաճյուղի, «Դեպի Հայք» բարեգործական հիմնադրամի, «Երիտասարդական նվաճումներ» հասարակական կազմակերպության աշխատակիցներ: Աշխատանքները ընթացան հերթափոխով՝ վաղ առավոտից մինչ ուշ երեկո:
Միջոցառումն ընթանում էր «Կանաչ սերունդ-2010» քարոզարշավի շրջանակներում, որն իրականացվում է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հետ համագործակցաբար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել