Անահիտ Սիմոնյանն ու Հայկոն նոր կյանք են սկսում
Հայաստանում ձեւավորվում է մի նոր աստղային ընտանիք՝ շոու-բիզնեսի ներկայացուցիչներ Անահիտ Սիմոնյան եւ Հայկո զույգի շնորհիվ: Այս հանգամանքն էլ «Առավոտին» հետաքրքրեց զրույցի հրավիրելու Անահիտին, քանի որ երիտասարդ երգչուհին շուտով կինն է դառնալու ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի, որն իր պրոֆեսիոնալ որակներով վաղուց հայկական շոու դաշտի ամենաերեւելի դեմքերից է:
Հեռավոր Սիբիրի Սուրգուտ քաղաքից, ուր ծնվել էր, Անահիտը 2004թ. ընտանիքով տեղափոխվել է հայրենիք, ընդունվել հայկական «շոու-բիզնեսի հայր» Արթուր Գրիգորյանի ղեկավարած Երգի պետական թատրոն, 2007-ին եւ 2009-ին մասնակցել է Արցախում ավանդական դարձած «Ընծա» երիտասարդ-կատարողների միջազգային մրցույթին: Հիշեցնենք, որ վերջին մրցույթին, որտեղ Անահիտն արժանացավ առաջին մրցանակի, մասնակցում էին նախորդ 5 տարիների դափնեկիրները: Անահիտը հայտնեց, որ վաղուց է համակրել ապագա իր ամուսնուն եւ միայն 2008թ. Արցախում, Հայկոյի կազմակերպած համերգից ոչ միայն հրավեր է ստացել, այլեւ երգչի կողմից զգացել համակրանք իր հանդեպ: 2009-ի «Երկու աստղ» հեռուստատեսային նախագծի ժամանակ, ի վերջո, Հայկոն սիրո խոստովանություն է արել:
Այսօր Անահիտը երջանիկ է եւ դրանում «մեղավորը» ե՛ւ իր, ե՛ւ Հայկոյի ավանդապահ ու ավանդապաշտ ընտանիքներն են: Հետաքրքրությանը, թե հենց նույն շոու-բիզնեսից հաստատ կգտնվեին երգչուհիներ, ովքեր կուզեին իրենց կյանքը կապել Հայկոյի հետ, հենց թեկուզ նրա համար, որ երգիչը նաեւ երգաստեղծ ու գործիքավորող է (չմոռանանք, որ մեր օրերում երգը, գործիքավորելը եւ ձայնագրությունը թանկ հաճույք են), Անահիտն ասաց. «Եղել են շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, ովքեր ինձ իբր բարի նպատակով տեղեկացնում էին, թե Հայկոն հաճախ է փոխում ընկերուհիներին կամ ասում էին, թե չափից ավելի խանդոտ է… Բայց ես հավատում էի, որ մենք կարող ենք կազմել ամուր ընտանիք, որովհետեւ երկուսս էլ ամուսնությանը չափից դուրս լուրջ ենք վերաբերվում: Այսօր անցյալը դրել ենք մի կողմ ու որոշել նոր կյանք սկսել, եւ, որ ամենակարեւորն է՝ ոչ մեկին թույլ չենք տալիս սողոսկել մեր բույնը»:
Զրույցից պարզեցինք, որ Հայկոն գործընկերների համար հոգի տվող անձնավորություն է, ինչը փոքր-ինչ բացասական է անդրադառնում երիտասարդ երգչուհու կարիերային: «Այն տպավորությունն է, թե օր ու գիշեր Հայկոն միայն ինձ համար է ստեղծագործում: Դա այդպես չէ, շուտով կթողարկվի իմ առաջին CD-ն՝ «Սիրո հուշեր» խորագրով, եւ հանդիսատեսը կհամոզվի դրանում: Դեռ որոշում ենք՝ առաջին տեսահոլովակիս՝ «Ասա, որ սիրում ես» (հեղինակներ՝ Հայկո եւ Վահրամ Պետրոսյան) շնորհանդեսն անցկացնել հունիսի 11-ից, այսինքն՝ մեր հարսանյաց հանդեսից առա՞ջ, թե՞ հետո»: Հանդիսատեսի մոտ նուրբ ճաշակով երգչուհու իմիջ ստեղծած Անահիտ Սիմոնյանը հայտնեց, որ ինքը համագործակցում է ճանաչված դիզայներ Արեւիկ Սիմոնյանի հետ, որն էլ հեղինակն է լինելու իր հարսանյաց զգեստի. «Եվ, իհարկե, ունեմ հիանալի դերձակ՝ Սոֆյան, ում հետ այս ոլորտում համագործակցում եմ»: Հարցին՝ կա՞ն հետագայում արտերկրում ստեղծագործելու նպատակներ, քանի որ Սփյուռքը պարզապես սիրում է Հայկոյին, երգչուհին ասաց. «Ո՛չ, Սիբիրից հայրենիք վերադառնալուց եւ մանավանդ 2009-ին ԱՄՆ-ում կայացած հայկական շոու-բիզնեսի ամենամյա մրցանակաբաշխությանը մասնակցելուց հետո՝ ինձ համար պարզ դարձավ, որ Երեւանից դուրս չեմ կարող ապրել»: Հավելենք, որ Ա. Սիմոնյանը ուսանում է պետկոնսերվատորիայում՝ ճանաչված երգչուհի Ռաիսա Մկրտչյանի դասարանում: