Իսրայելի խորհրդարանի (Կնեսետ) պաշտոնական կայքում հրապարակվել են երկրի հատուկ ծառայությունների բարձրաստիճան աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած նիստի արձանագրությունները՝ Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության եւ արտաքին հետախուզության ծառայության՝ «Մոսսադի» բարձրաստիճան աշխատակիցների անուններով հանդերձ, ինչը հրապարակման ենթակա չի եղել եւ համարվել է պետական գաղտնիք: Կնեսետի ներկայացուցիչների ասելով, այդ արձանագրությունների հրապարակման համար պատասխանատու են հենց պատգամավորներ, որոնք արձանագրային բաժնի աշխատակիցներին չեն զգուշացրել արձանագրության մեջ եղած այս կամ այն հատվածը չհրապարակելու անհրաժեշտության մասին: «Newsru-Israel»-ը, վկայակոչելով «Haaretz» թերթը, փոխանցում է, թե Իսրայելում դա նման առաջին դեպքը չէ, եւ անցած տարի նույն կայքում տեղադրվել էին այնպիսի նիստերի արձանագրություններ, որտեղ մանրամասնորեն քննարկվել էին երկրի պաշտպանության նախարարության համար մի քանի գաղտնի համակարգերի մշակման նախագծեր: