Իտալիայի քաղպաշտպանության ծառայությունը մշակում է գործողությունների նոր ծրագիր՝ Վեզուվի հրաբխի հնարավոր ժայթքման դեպքում իրականացնելու համար։ Այս մասին հաղորդում է tert.am-ը՝ վկայակոչելով «Corriere della Sera» թերթը։ Ըստ փորձագետների հաշվարկների, հրաբխի ժայթքումը կանդրադառնա Նեապոլ քաղաքի զգալի մասի վրա, ինչի կապակցությամբ իշխանությունները ստիպված կլինեն կարճ ժամանակահատվածում կազմակերպել 1 մլն. մարդու տարհանումը։ Վեզուվիի ուժգին ժայթքումը կարող է վտանգ ներկայացնել ոչ միայն Նեապոլի համար։ Հրաբխային մոխրի ամպը կարող է հասնել մինչեւ իտալական Լացիո շրջան։ Ենթադրվում է, որ Վեզուվիի ժայթքումից առաջ տեղի կունենա ուժգին երկրաշարժ։ Հիշեցնենք, որ Վեզուվիի վերջին ժայթքումը եղել է 1944 թվականին։ Իտալացի փորձագետներն ընդգծել են, որ առայժմ հրաբուխը հանգիստ է, բայց մոտ ապագայում այն կարող է արթնանալ։