Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հայտարարել է, թե «Հզբոլլահը» տիրապետում է ավելի մեծ քանակությամբ հրթիռների, քան ունեն շատ պետություններ: BBC-ի մատուցմամբ, Գեյթսը մեղադրել է Սիրիային եւ Իրանին՝ Լիբանանում տեղակայված շիա մահմեդականների ռազմական թեւին կատարելագործված սպառազինություններ մատակարարելու մեջ: «Ակնհայտ է, որ դա ապակայունացնում է ամբողջ տարածաշրջանը»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը՝ Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի հետ Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցություններից հետո: Ընդ որում, Գեյթսը հաստատել է նաեւ Իսրայելի մեղադրանքներն առ այն, որ Սիրիան «Հզբոլլահին» տրամադրել է «Սկադ» տեսակի հեռահար հրթիռներ: Իր հերթին Էհուդ Բարաքը բացառել է շիա խմբավորումներին զինաթափելու նպատակով նոր պատերազմ սկսելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ 2006թ. ընթացքում Իսրայելի եւ «Հզբոլլահի» ջոկատների միջեւ ծավալված 34-օրյա բախումների արդյունքում սպանվել էր ավելի քան 1200 լիբանանցի, որոնք հիմնականում խաղաղ բնակիչներ են եղել: Իսրայելի կորուստներն այդ բախման արդյունքում կազմել էր մոտ 160 մարդ, որոնց մեծամասնությունը զինվորականներ էին: Այդ բախումներից հետո ՄԱԿ-ի թիվ 1701 բանաձեւով Լիբանանին զենքի վաճառքի նկատմամբ արգելք էր մտցվել: Բացառություն էին կազմել միայն այն սպառազինությունները, որոնց վերաբերյալ Լիբանանի կառավարությունը կամ ՄԱԿ-ը թույլտվություն էին տվել: