Ավստրիայի դատախազության համոզմամբ, Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի նախկին թիկնապահ Ումար Իսրայիլովի (աջից)՝ 2009թ. հունվարին Վիեննայում տեղի ունեցած սպանության պատասխանատուն հենց ինքը՝ նախագահ Ռամզան Կադիրովն է: Անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի Վիեննայի բյուրոն, ուսումնասիրելով տեղի ունեցած միջադեպի հանգամանքները, հանգել է այն եզրակացության, որ ի սկզբանե ցանկություն է եղել Իսրայիլովին առեւանգել, բայց վերջինս փորձել է թաքնվել, եւ արդյունքում նրան գնդակահարել են: Բյուրոյի զեկույցում բառացիորեն ասված է, թե «պետք է եզրակացնել, որ առեւանգումը հրահանգված է եղել ամենաբարձր (Կադիրովի) մակարդակով»,- BBC-ի մատուցմամբ, այդ մասին լրագրողներին հայտնել է Վիեննայի դատախազության ներկայացուցիչ Գերհարդ Յարոշը: Նրա ասելով, այդ եզրակացությունները հիմնված են ապացույցների վրա, որոնց թվում է Կադիրովի մի լուսանկար, որտեղ նա նկարվել է Վիեննայում տեղի ունեցած աղմկահարույց այդ սպանության մեջ կասկածվողի հետ միասին:
Չեչնիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Ալվի Քարիմովը, սակայն, «Reuters»-ի հետ զրույցում հայտարարել է, թե Կադիրովն այդ սպանության հետ որեւէ առնչություն չունի, իսկ բոլոր այդ փաստերը կեղծ են, մեղադրանքն անհիմն է, ու որեւէ փաստով ամրապնդված չէ:
27-ամյա Ումար Իսրայիլովը գնդակահարվել էր 2009թ. հունվարի 13-ին, Ավստրիայի մայրաքաղաքի իր բնակարանից ոչ հեռու, որտեղ նա ապրում էր ներգաղթյալի կարգավիճակով: Նա ծառայել էր Ռամզան Կադիրովի թեկնազորում եւ խիստ քննադատության էր ենթարկել Չեչնիայի նախագահի քաղաքականությունը՝ վերջինիս մեղադրելով հանրապետության բնակիչներին առեւանգելու, կտտանքների ենթարկելու եւ սպանելու մեջ: