Թաիլանդցի զինվորները օդ են կրակել՝ փորձելով կանգնեցնել ընդդիմության կողմնակիցներին տեղափոխող ավտոշարասյունը, որը ուղեւորվել է Բանգկոկ՝ հանրահավաքի մասնակցելու նպատակով: BBC-ն փոխանցում է, որ միջադեպի արդյունքում զինվորներից մեկը անզգուշորեն սպանվել է իր զինակցի կողմից արձակված կրակոցի արդյունքում: Ցուցարարների եւ զինվորների միջեւ տեղի ունեցած բախումների արդյունքում ամենաքիչը հինգ մարդ վնասվածք է ստացել:
Չորեքշաբթի առավոտյան մոտ երկու հազար ցուցարար լքել է երկրի մայրաքաղաքի կենտրոնում հիմնած իրենց ճամբարը եւ ցույցի մասնակցելու նպատակով ավտոբուսներով մեկնել Բանգկոկից 50 կմ հեռավորության վրա գտնվող ավաններից մեկում «կարմիրվերնաշապիկավորների» հանրահավաքին մասնակցելու համար: Թաիլանդի վարչապետ Աբխիստի Վետչաչիվան, որն ավելի վաղ պատրաստակամություն էր հայտնել բանակցել ընդդիմության հետ, մերժել է երկրի խորհրդարանը ցրելու՝ ընդդիմության պահանջը: Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ցուցարարներին ցրելու ժամանակ զոհվել էր 25 մարդ եւ հարյուրավորները վիրավորվել էին: Այդ դեպքերից ի վեր Թաիլանդում իրավիճակը գնալով շիկանում է, իսկ «կարմիրվերնաշապիկավորները» արդեն վեց շաբաթ է, ինչ շարունակում են վերահսկողության տակ պահել Բանգկոկի առանձին մի քանի շրջաններ: