Ամբողջ աշխարհում գիտությունն արագ տեմպերով զարգանում է, իսկ հայ գիտաշխատողը շարունակում է հետազոտություններ կատարել գիտության զարգացման ներկայիս տեմպերին չհամապատասխանող, մաշված սարքավորումներով: Երեկվա ասուլիսում ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ասաց՝ եթե մոտակա տարիներին չկարողանանք գոնե նվազագույն չափով արդիականացնել հետազոտական սարքավորումները, Հայաստանը բավականաչափ ետ է մնացել աշխարհի գիտական նորարարություններից: Ռ. Մարտիրոսյանը մտահոգված է նաեւ բնագավառի սոցիալական խնդիրներով. «Սոցիալական խնդիրները վերաբերում են մեր աշխատանքի պայմաններին, երկար տարիներ մեզ չի հաջողվում վերանորոգել մեր շենքերն ու լաբորատորիաները եւ վերջապես՝ սուղ են գիտությանը հատկացվող միջոցները՝ աշխատավարձը, ծախսերը»: Նա նաեւ ասաց, թե գիտությունը արդեն ծերացել է, ու սերնդափոխությունը խիստ անհրաժեշտություն է: ԳԱԱ նախագահը նկատեց, թե գիտական ոլորտը բավականին անհրապույր է եւ այդ ուղղությամբ պետք է լրջորեն աշխատեն. «Գիտական խնդիրը երիտասարդի համար պետք է լինի ժամանակակից ու գրավիչ, հաջորդ քայլն էլ պետք է լինի գիտական աշխատանքի ու գիտաշխատողի վարկը բարձրացնելը: Նախկինում գիտաշխատողով պարծենում էին, իսկ այսօր գիտաշխատողը ոչ մի նշանակություն չունի»: ԳԱԱ նախագահը բողոքեց, թե ԳԱԱ տարեկան ժողովում ՀՀ վարչապետը «խիստ» է խոսել՝ «Նա շատ էր կենտրոնացել գիտական արդյունքների առեւտրայնացման վրա», բայց հետո ավելացրեց՝ «դե, ի պաշտոնե այդպես պետք է ասեր»: Իսկ գիտությանը հատկացված գումարների փոշիացման մասին Ռ. Մարտիրոսյանն ասաց, թե այնքան փոքր է գիտությանը տրվող ֆինանսավորումը, որ եթե մի մասն էլ փոշիանար, տակը բան չէր մնա: