Մտավորականները՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին
Դերասան Ազատ Գասպարյանը երեկվա ասուլիսում ասաց, որ ողջունում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական արձանագրությունների կասեցման որոշումը. «Այո՛, պետք է կասեցվեն, մինչեւ բարի օրեր գան, բարիդրացիական հարաբերություններ հաստատվեն, եւ հայ-թուրք դիվանագետները օտար ազգերի ճնշումների ազդեցության չենթարկվեն»: Գրող Ռազմիկ Դավոյանը եւս դրական է ընդունել հայ-թուրքական հարաբերությունները հստակեցնելու՝ նախագահի նախաձեռնությունը ու նույն դրական վերաբերմունքով էլ՝ արձանագրությունների կասեցումը: Նրա մեկնաբանմամբ, կասեցումը խելացի քայլ էր, մենք եւս մեկ հնարավորություն ենք թուրքերին ընձեռում. «Այս հարցում մենք կորուստ չենք տվել, ընդհակառակը, գերտերությունները համոզվեցին, որ մենք առանց նախապայմանների պատրաստ ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել»:
Պարոն Դավոյանը նշեց, թե ինքը դեռ 3 տարի առաջ «բաց նամակ» էր հղել Թուրքիայի վարչապետ Էրդողանին՝ պարզելու, թե նա ո՞ւմ ցանկությունների ու նպատակների իրագործողն է. «Մի խումբ ազգայնամոլների՞, ովքեր տառապում են արյունաբաղձությամբ, թե՞ թուրք ժողովրդի մեծամասնության, ովքեր ձգտում են մեղսազերծվել»: Ռ. Դավոյանը թուրք վարչապետին նաեւ հիշեցրել է, որ պատմությունը հնարավորություն է տվել թուրք ժողովրդին ազատվել եղեռնագործի դրոշմից: Ա. Գասպարյանն էլ կարծիք հայտնեց, թե թուրքերն առանձնապես մտահոգված չեն Ադրբեջանի քաղաքական շահերով. «Ղարաբաղյան կարգավորման հարցն էլ նրանց համար պարզապես խաղաքարտ է»: Պարոն Դավոյանն էլ նկատեց, թե թուրքերը, ի տարբերություն ադրբեջանցիների, իրենց չեն նույնացնում: Պահանջատիրության հարցում էլ Ա. Գասպարյանը կիսում է մեծ դերասան Վահրամ Փափազյանի տեսակետը. «Մենք ոչ թե մուրացիկի պես ձեռքներս պարզենք ու ասենք՝ տվեք մեր հողերը, այլ այնչափ պետք է ուժովանանք, որ առնենք դրանք»: Հայ-թուրքական արձանագրությունների կասեցման մասին խոսելիս նա ասաց. «Պետք է մի քիչ տարբերվել Կոմայգու թոշակառուներից, որ ֆոտբոլի առաջնությունը չսկսված՝ արդեն բաժանում են գավաթը… Մենք շտապելու հակում ունենք, բայց նախագահն ու փորձագետները չշտապեցին, ինչի արդյունքում շահեցինք դիվանագիտական քայլը, համբերատարությունը հաջորդ քայլին էլ մեզ պետք կգա»: Մյուս բանախոսն էլ նշեց. «Ես չէի մտածում, որ գերտերությունները մեր թիկունքին այդպես կկանգնեն, նրանք թույլ չտվեցին, որ արձանագրությունների մեջ սողոսկեն նախապայմաններ, այսօրվա գործընթացը վաղվա համար ճակատագրական է լինելու»: Դերասանն էլ ռեպլիկ արեց. «Եզան համբերություն ունեցող ազգ ենք, պետք է համբերենք»: