Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քանի մեծահարուստ սփյուռքահայի ցանկություն

Ապրիլ 29,2010 00:00

Ավանդական ուղղագրությանն անցնելու պահանջը այսպես է որակում լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը

«Առավո՞տ, թե՞ առաւօտ, աղվե՞ս, թե՞ աղուես… Եթե անցնենք դասական ուղղագրությանը, ապա ստիպված կլինենք ամեն բառ գրելիս ինքներս մեզ հարց տալ՝ ինչպես է գրվում տվյալ բառը եւ տառապել գլխացավից»,- երեկ «Հայելի» ակումբում ասաց լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը:
Վերջին շրջանում գիտնականների, լեզվաբանների քննարկման հիմնական թեման դասական ուղղագրությանը վերադառնալն է:
Ձեռնարկի հեղինակները գտնում են, որ  այդ քայլով Սփյուռքի ու Հայաստանի միջեւ  լեզվական խոչընդոտը կվերանա: Իսկ ընդդիմախոսների համոզմամբ, դասական ուղղագրությունը կհանգեցնի համատարած անգրագիտության, ինչպես նաեւ սեպ կխրի պետության ու հետխորհրդային Սփյուռքի միջեւ:
«Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանի խոսքով, հայաստանաբնակ հայերին չի հետաքրքրում Սփյուռքում ապրող հայի վիճակը. «Արեւմտահայ մշակույթը բարձիթողի վիճակում է, իսկ հաղորդակցվել այդ մշակույթին՝ կարող ենք միայն արեւմտահայերեն: Սփյուռքի հայի համար շատ դժվար է գալ Հայաստան եւ այստեղ խոսել կամ գրել արեւմտահայերենով, ինչո՞ւ չմտածենք նրանց մասին: Հայապահպանության համար կենսական նշանակություն ունի այս ծրագիրը եւ դրա համար Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչներ պետք է վերապատրաստենք»:
Ըստ բանախոսի, արեւմտահայերենը պետք է վերածնվի ոչ միայն Սփյուռքի, այլեւ հայաստանցի հայերի կամ, ինչպես բանախոսը տարանջատեց՝ արեւելահայերի համար: Նա առաջարկեց ուսումնական ծրագիր եւ եթեր մտցնել արեւմտահայերենը. «Արեւմտահայը եւ պարսկահայը միակն են մնացել, որոնք կրթվում են արեւմտահայերենով եւ որոնց մենք մերժում ենք իբրեւ սփյուռքահայ: Եկեք հոր աչքով նայենք մեր երկու զավակներին»:
Դ. Գյուրջինյանը անիմաստ է համարում դասական ուղղագրության վերականգնումը, քանի որ դա կբարդացնի երեխաների ուսումը եւ ավելորդ անգամ անհարմարություններ կպարգեւի աշակերտներին, ուսանողներին, ինչպես նաեւ ծնողներին. «Արեւմտահայ մշակույթը, այդ թվում՝ գրականությունը, օտարված չէ հայաստանյան իրականությունից: Միայն դպրոցում սովորեցնում են Պետրոս Դուրյան, Հակոբ Պարոնյան, Միսաք Մեծարենց…»:
Ս. Դանիելյանի բնութագրմամբ, անգամ քաղաքական առումով օգտակար կլինի դասական ուղղագրությանը վերադառնալը. «Որովհետեւ մեկ ուղղագրությամբ կմիավորվենք արեւմտահայերս ու արեւելահայերս: Իսկ այսօր մենք արեւմտահայ ուսուցիչ պատրաստելու մասին առանձնապես չենք մտածում, էլ ուր մնաց ինքնուս կարդալն ու գրելը»:
Դ. Գյուրջինյանն այս առիթով նկատեց. «Մեզանից յուրաքանչյուրը հենց հիմա կարող է  ցանկացած արեւմտահայերեն գրություն կարդալ, ճիշտ է՝ կա կարդալու կանոնների յուրացում, որը պահանջում է ընդամենը երկու ժամ: Ես խոսում եմ կարդալու մասին: Բայց գրե՜լ, մասնագետն է դժվարանում, ուր մնաց՝ դպրոցականը: Ո՛չ հիմք կա, ո՛չ պահանջ. դա ընդամենը մի քանի հոգու կամակորությունն է: Սփյուռքահայ մի քանի մեծահարուստի ցանկություն, ում այդպես ձեռք է տալիս…»:
Հարցին, թե ավանդական ուղղագրության անցնելու դեպքում ինչպե՞ս վարվեն 30-40-ն անց մարդիկ, որոնք վաղուց ավարտել են իրենց ուսումը, Ս. Դանիելյանը պատասխանեց. «Ժամանակին ի՞նչ արեցին……հարմարվեցին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել