Լրահոս
Օրվա լրահոսը

Աղթամարում պատարագ կմատուցվի

Ապրիլ 29,2010 00:00

Թուրքական լրատվամիջոցները հակասական շեշտադրումներ են անում

Թուրքական տարբեր լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Հյուրիեթն» ու haberler.com-ը, անդրադարձել են Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 12-ին կայանալիք պատարագին եւ այդ կապակցությամբ Պոլսո հայոց պատրիարքարանի տեղապահ, Հոգեւոր խորհրդի առաջնորդ Արամ Աթեշյանի՝ նախորդ շաբաթվա ընթացքում Վան կատարած այցին: Սակայն հետաքրքիր է, թե որքան տարբեր շեշտադրումներով են վերը նշված երկու լրատվամիջոցները ներկայացրել Արամ Աթեշյանի խոսքը: Եթե հավատանք «Հյուրիեթին», ապա Ա. Աթեշյանը բավականին սուր հարցադրումներ է արել, իսկ haberler.com-ի ներկայացրածով՝ լրիվ այլ պատկեր է ստացվում: Դատեք ինքներդ:
Համաձայն «Հյուրիեթի»՝ Արամ Աթեշյանը հայտնել է.«Ես Սուրբ Խաչ եկեղեցում կատարվելիք ծիսական արարողությունների վերաբերյալ չեմ ընդունում որեւէ միջամտություն՝ կապված պատարագների տեւողության եւ մասնակիցների թվաքանակի ընտրության հետ: Եթե իմ առջեւ դրվեն նմանօրինակ սահմանափակումներ՝ ես պատարագ չեմ մատուցի,- ասել է Աթեշյանը, ապա շարունակել:- Չի կարելի ասել, թե ժամանակը լրացավ կամ` եկեղեցի մտնող մասնակիցների թիվը լրացավ: Այս վայրը հայության համար կարեւոր է: Արարողությանը մասնակցելու նպատակով աշխարհի չորս ծագերից հազարավոր մարդիկ կգան: Մի՞թե կարելի է ասել մարդկանց՝ քվոտան լրացավ, եղբա՛յրս, դու չե՛ս կարող կղզի բարձրանալ: Կամ, եկեղեցում պատարագամատույցի ընթացքում մի՞թե կարելի է ասել՝ ժամանակը լրացավ, վերջ տվեք արարողությանը: Արդեն այժմ Վանում գտնվող հյուրանոցներում տեղ չի մնացել: Այդ մարդիկ այստեղ գալիս են ոչ որպես զբոսաշրջիկ, այլ՝ պատարագին մասնակցելու նպատակով: Մենք ուզում ենք սեպտեմբերի 12-ը, այսինքն՝ Սուրբ Խաչը նշել ժողովրդական խաղերի եւ երգչախմբերի հետ մեկտեղ: Մենք՝ Երեւանի, Երուսաղեմի եւ Բեյրութի գլխավորությամբ, աշխարհի չորս կողմերից ներկայացուցիչներ ենք հրավիրելու»: Բացի այդ, Աթեշյանն ավելացրեց նաեւ, որ իրենք պահանջել են եկեղեցու վրա գրել «Սուրբ Խաչ» անունը եւ տեղադրել Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Երկրորդի՝ եկեղեցուն նվիրաբերած խաչը, որը ներկայումս գտնվում է թանգարանում: «Դա մեր ամենաբնական իրավունքն է: Մեր պատրիարքի ուղարկած խաչը սպասում է թանգարանում: Այնպես են Աղթամարի եկեղեցի կոչում, կարծես եկեղեցին անուն չունի: Մենք պահանջում ենք, որպեսզի եկեղեցու անունը գրվի, եւ խաչը տեղադրվի», հավելել է Հոգեւոր խորհրդի նախագահը:
Իսկ ահա թե ինչ է գրում մյուս լրատվամիջոցը: «Արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, լինելով Վանում, այցելել է նահանգապետ Մյունիր Քարաօղլուին, ապա՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին: Այս եկեղեցում 2010 թ. սեպտեմբերի 12-ին կատարվելու է կրոնական արարողություն: Աթեշյանը կղզի ճանապարհվեց մակույկով, որի համար ձեռնարկվեցին անվտանգության բոլոր միջոցառումները: Աթեշյանը Վանի փոխնահանգապետ Հալիլ Բերքին եւ Գեւաշի քայմաքամ Թահսին Աքսուին բացատրեց այն բոլոր միջոցառումները, որոնք պետք է ձեռնարկվեն 2 ժամանոց արարողության համար: Աթեշյանը հայտնելով, որ արարողությունը լավագույնս անցկացնելու համար իրենք մտածել են բոլոր մանրամասների մասին, հավելեց, որ իրենց հնարավորությունների սահմաններում պատրաստ են անել ամեն ինչ, որպեսզի այդ օրն անցնի տոնական: Աթեշյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց հատկապես այն հանգամանքի վրա, որ թուրքերի եւ հայերի միջեւ անցյալում եղել է եղբայրություն, եւ որ իր ցանկությունն է վերակենդանացնել այդ եղբայրությունը, նշեց նաեւ, թե իրենց երազանքն է եղել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում կրոնական արարողության իրականացումը, եւ որ իրենք հրճվանք են ապրում, երբ այդ երազանքն իրականություն է դառնում. «Պաշտամունքի այս վայրում երկար ժամանակ ի վեր չի ղողանջել ոչ զանգ եւ չի լսվել ժամերգության ձայն: Այս երկար ընդմիջումից հետո բոլորիս երազանքն էր, թե երբ այստեղ կրկին ժամերգություն կլինի, երբ եկեղեցում նորից պատարագ կմատուցվի: Այդ երազանքը վերջին շրջանում իրականություն է դառնում մեր նոր կառավարության շնորհիվ: Սեպտեմբերի 12-ին Անատոլիայում մեծ արարողություններ են լինելու: Ես նույնպես ցանկանում եմ, որ այդ օրը տոնի վերածենք»: Աթեշյանն ասաց նաեւ, որ արարողությանը կմասնակցեն աշխարհի բոլոր ծագերից եկած առնվազն 5000 հոգի. «Բեյրութի, Իսրայելի, Երուսաղեմի հայերը, Ամերիկայի, Եվրոպայի մեր եղբայրները, բոլորը հուզմունքով սպասում են այդ օրվան: Հուսով եմ, որ անվտանգության հարցում խնդիրներ չեն ծագի: Այդ օրը գեղեցիկ ձեւով մեր արարողությունը կկատարենք՝ առանց խնդիրների, առանց միջադեպի, որը կվշտացնի ոմանց: Համոզված ենք, որ ինչպես պատմության մեջ երկու հասարակությունները եղբայրաբար ապրել են, նույն կերպ այդ օրը կլինի: Հայերն ու թուրքերն այդ օրը կեղբայրանան: Սակայն անհանգիստ ենք անվտանգության  կապակցությամբ: Հայտնի է, որ այս վերջին շաբաթվա ընթացքում մի քանի հոգի վիրավորվել են: Նրանք ենթարկվել էին հարձակման: Քանի որ այցելուները հայեր են, բնականաբար, նրանք կարող են հանդիպել ծայրահեղականների: Համապատասխան միջոցառումներն արդեն իսկ ձեռնարկվում են: Բայց պետք է միշտ պատրաստ լինել: Ես կցանկանայի, որ նման դեպքեր տեղի չունենային»: Ապա Աթեշյանը ուսումնասիրեց եկեղեցու շուրջ հրավիրյալների եւ արարողության մասնակիցների համար ամենահարմար վայրերը: Նա տեղեկացրեց նաեւ, որ եկեղեցու վրա զանգ տեղադրելու մասին պահանջներ չեն եղել. «Եթե զանգ տեղադրենք, անհրաժեշտ կլինի, որ արարողությունների ժամանակ առավոտ-երեկո այն հնչի, բայց քանի որ մենք այստեղ տարին մեկ անգամ ենք պատարագ մատուցելու, չենք նախատեսել զանգի տեղադրում: Այդ հարցի վրա առանձնապես կանգ չենք առնում: Բայց խաչը պատրաստ է: Խաչ տեղադրել-չտեղադրելու խնդիրը պետք է լուծի մշակույթի նախարարությունը: Պատարագի առնչությամբ նրանց կողմից որեւէ խոչընդոտ չկա: Մենք մեր արարողությունն այս պարտեզում էլ կարող ենք անել: Ես որտեղ էլ օծված սեղանս բացեմ, այդ վայրը մեզ համար եկեղեցի է: Քանզի մենք պատարագ ենք մատուցում նաեւ այն քաղաքների հասարակ տներում, որտեղ եկեղեցի չկա»:
Եկեղեցու ներսում ուսումնասիրություններ կատարած Աթեշյանը ուշադրությամբ ընթերցեց այն շնորհակալագիրը, որ Աբդուլ Համիդին էին հղել հայ առաջնորդները՝ եկեղեցու համար Աբդուլ Համիդի կատարած ներդրումների կապակցությամբ: Աթեշյանը, Աղթամար եկեղեցու առջեւ որպես հիշատակ լուսանկարվելով, գնեց Աղթամար եկեղեցու եւ Վանա կատվի արձանիկներ եւ հեռացավ կղզուց»,-գրում է haberler.com-ը:
Թուրքերենից թարգմանեց

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել