Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԱՆՈՐ ԱԿԱՆՆԵՐԻ ՍՊԱՍԵԼԻՍ

Ապրիլ 29,2010 00:00

Ինչու ընդդիմությունը չի միավորվում

2009թ. Երեւան քաղաքի ավագանու ընտրություններ ասվածից հետո, երբ մենք բոլորս վերջնականապես համոզվեցինք, որ այս իշխանությունների օրոք նորմալ ընտրությունների անցկացումը բացառվում է՝ Հայ ազգային կոնգրեսը հանդես եկավ նախաձեռնությամբ: Ստեղծվեց 12 կետից բաղկացած մի պլատֆորմ, որի շուրջ քննարկումների հրավիրվեցին բոլոր այն կուսակցություններն ու քաղաքական ուժերը, ում համար թանկ էր երկրի ճակատագիրը: Ընդ որում, նախագծի տեսքը վերջնական չէր, եւ յուրաքանչյուրը կարող էր հենց սեղանի շուրջ ներկայացնել իր տարբերակը, կատարել այս կամ այն կետի վերամշակում կամ ամբողջական փոփոխություն, որի արդյունքում շատ հանգիստ ծնվելու էր բոլորի կողմից ընդունելի գործողությունների ծրագիր: Իսկապես, ընդդիմադիր դաշտը կոնսոլիդացնելու, կարծիքները իրար մոտեցնելու եւ համատեղ քայլեր իրականացնելու տեսակետից սա կյանքի կոչվող ամենաիրական ձեռնարկումն էր: Բայց դե, էլ ինչ հայ կամ հայկական կուսակցություն, որ պիտի լսի դիմացինի կարծիքը, միանա նրա նախաձեռնությանը կամ, որ հավասարազոր է մահվան՝ հանկարծ հայտնվի երկրորդ տեղում: Բոլոր աշխարհացունց մտքերը, ուր մնաց թե ինչ որ «մանր-մունր» պլատֆորմները, պիտի առաջինը դուրս գան հենց իրենց կուսակցությունից: Միայն ու միայն՝ «սկզբից զագս, հետո՝ նոտա՛րիուս», եւ ոչ թե՝ «սկզբից զագս, հետո՜ նոտարիուս»: Եվ ահա մեր ընդդիմադիր դաշտի մյուս ուժերը՝ հանձին «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի, այդպես էլ վարվեցին: «Կլոր սեղանի» շուրջ նստելու, իրենց տեսակետներն ու առաջարկները ներկայացնելու փոխարեն, Կոնգրեսի նախաձեռնությունն ամբողջովին անտեսեցին: Իսկ որոշ ժամանակ անց ստեղծելով սեփական, «հոգեհարազատ» պլատֆորմները՝ կոչով դիմեցին մյուսներին՝ ներքին համոզմունքով, որ Արքիմեդն էլ երկրագունդը շուռ տալու համար որպես հենման կետ առանց վարանելու կնախընտրեր հենց այս պլատֆորմը: Արդյունքում՝ հզոր ու միասնական ճակատ ստեղծելու գաղափարը տորպեդահարվեց: Եվ այս «ադաթը» շարունակվում է մինչ օրս, երեք ուժերից ով ինչ էլ ձեռնարկելու լինի: Ահա այսպիսի մանկապարտեզ:
Ըստ նրանց, իհարկե, ոչ մի ամբիցիա էլ չի եղել, այլ՝ սկզբունքային տարաձայնություններ: Եվ, բնական է՝ առաջին փաստարկը կլինի. Կոնգրեսը՝ ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի, պատրաստ էր հողային զիջումների գնալ: Հանգիստ եղեք: Ոչ միայն ՀԱԿ-ի շատ ազդեցիկ ուժեր, այլ ընդհանրապես հայ ժողովուրդը՝ սփյուռքով հանդերձ որեւէ պայմանով թույլ չի տալու ո՛չ ՀԱԿ-ականի, ո՛չ ՀՀԿ-ականի, ոչ էլ որեւէ մեկի կողմից նման զիջումներ: Սա վերջնականապես պետք է մոռանալ եւ այլեւս չարծարծել ոչ մի մակարդակով: Պլատֆորմը չսատարելու մյուս փաստարկը՝ նախագահի հրաժարական պահանջել-չպահանջելն էր: Նրանք անտեղի էին համարում հրաժարականի պահանջը: Հետաքրքիր է՝ 2008թ. այլանդակ ընտրությունները եւ դրանց կրկնությունը տեսնելուց հետո, 1,5 տարվա ընթացքում այդ ի՞նչ դրական փոփոխություններ էին նկատել, որ այդքան դեմ էին Կոնգրեսին: Իսկ վերջինիս պահանջի ճշմարտացիությունը շատ ավելի վառ գույներով բացահայտվեց հաջորդող ութ ամիսների ընթացքում: Զարմանալին այն է, որ այժմ ամենաշատը բողոքում են հենց այդ կուսակցությունները: Աստված սիրեք: ՀԱԿ-ը կամ ժողովուրդը ի՞նչ մեղք ունեն: Ու այսքանից հետո էլի չեն կողմնորոշվում իրավիճակից դուրս գալու շեշտադրումների հարցում:
Պարոնա՛յք, ունենք ամբողջովին տապալված ներքին քաղաքականություն: Արտաքին քաղաքականության սխալները հերթ չեն տալիս մեկը մյուսին: Հենց արտաքին ճակատում է, որ երբ ազգովի փորձում ենք թույլ տրված հերթական սխալի բացասական հետեւանքները մի կերպ չեզոքացնել՝ անմիջապես ստանում ենք հաջորդ հարվածը: Բանավոր միջնորդության-խնդրանք Գյուլին ԼՂ կարգավորման հարցում, Եղեռնի օրվա նախօրյակին ինչ-որ փաստաթղթի ստորագրում, բավական չի՝ արձանագրություններ, դեռ այդտեղ էլ՝ պատմաբանների խմբի ներառում, սահմանների փոխադարձ ճանաչում, Թուրքիայի հետ տարածաշրջանային «կնճիռների» համատեղ լուծում եւ խաղաղության վերականգնում, բացահայտ թշնամաբար տրամադրված հարեւանի առաջ սահմանները բացելու չարդարացված ռիսկ, ՀՀի համեմատ Ադրբեջանի ռազմական ծախսերը մի քանի անգամ գերազանցելու վախվորած ելույթներ, ինչ-ինչ տարածքներ գիտակցված չբնակեցնելու հրապարակավ հայտարարություններ, ինչ-որ շրջաններ նվիրելու անհեթեթ պատրաստակամություն եւ այլն, եւ այլն: Չէ՞ որ այսքան պատահականություններ չեն լինում: Եվ միայն օրերս «պարզվեց» տարիուկես ամբողջ ձայնով բացականչող ու պայքարող 10 մլն հայության մտավախությունների ճշմարտացիությունը: Ու միայն օրերս՝ արձանագրությունների կասեցում, հետողորմյա, «ոչ այնքան ճիշտ» հաշվարկներ: Կրտսեր Բուշն ու Թոնի Բլերն էլ Իրաքը գետնին հավասարեցնելուց եւ քիմիական զենք չգտնելուց հետո հայտարարեցին՝ «դե, մեր հետախուզության տվյալները սխալ էին դուրս եկել, պա՜հ, էլ ոնց կլներ»: Այս ամենը հետեւանքն է ոչ կոմպետենտության, որը կարող է հասցնել անգամ աշխարհի կործանմանը: Ակնհայտ է նաեւ, որ ոչ կոմպետենտը երբեւէ չի կարող վստահություն ստեղծել, վստահություն, որ վաղը նույնը չի կրկնվի:
Իսկ սա մեզ մոտ այնքան է շարունակվելու, քանի դեռ չենք առաջնորդվել, եթե ոչ դժվարամարս քաղաքականությամբ, գոնե ժողովրդական ասացվածքների իմաստուն ու մատչելի խորհուրդներով, ասենք՝ «կարմիր կովը կաշին չի փոխի», կամ էլ «ՄԵԿԸ քարը գցեց փոսը, հարյուր խելոք չկարողացան հանել»… (հաշվի առնելով գամփռամարդակերպերի եւ նրանց հավասարեցված մուտանտների «ներքին թշնամիներին» կենդանական մոլուցքով օրորոցում խեղդելու ստորաքարշ պատրաստակամությունը՝ հայտնի ասացվածքը ներկայացնենք խմբագրված տեսքով):
Վերջում բարի լուրը ավետում է՝ ամեն ինչ չէ, որ թանձր մշուշով է պարուրված: Սրտանց շնորհավորում ենք ամենակոմպետենտ նախարարին՝ վերջին ելույթների կապակցությամբ, որի հպարտ եւ ինքնաբավարարված արտասանաոճից կարելի էր եզրակացնել, որ արձանագրությունների մահվանը նախորդող օրերին ինքն էլ արդեն սկսել էր որոշ նյուանսներ ընկալել, ինչից եւ ի՛ր տրամադրությունն էր բարձրացել, եւ, ազնվությամբ՝ նաեւ մերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել