«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ այսուհետեւ, ավանդական դրամահավաք միջոցառումներին զուգահեռ, նվիրատուները ողջ տարվա ընթացքում կարող են նվիրատվություն կատարել նաեւ առցանց (օնլայն)՝ Հիմնադրամի himnadram.org կայքէջում տեղադրված DONATE ONLINE բանկերի միջոցով: Ինտերնետով նվիրատվություններ կատարելու համար անհրաժեշտ է մուտքագրել նվիրատուի անուն-ազգանունը, բնակավայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն եւ նվիրաբերվող գումարը:
«Օնլայն նվիրատվությունը այսօր աշխարհում ընդունված ձեւ է, մեխանիզմը խնայում է միջոցներ, տնտեսում է ժամանակ եւ հնարավորություն է տալիս ցանկացած պահի նվիրատվություն կատարել»,- հայտարարել է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Իսկ «Արմինֆոն» հաղորդում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են այցելել Լիբանանյան նորաստեղծ «Արցախ» հիմնադրամի ներկայացուցիչները եւ լիբանանահայ ձեռներեցներ: Հիմնադրամը մտադիր է ներդրումներ անել ԼՂՀ Քաշաթաղի շրջանի անասնապահության եւ հողագործության ոլորտում: Այս նպատակի համար նախատեսված է շուրջ $300 հազար: