«Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը (գեղարվեստական ղեկավար՝ ճանաչված թառահար Հովիկ Սահակյան) առաջին անգամ ելույթ ունեցավ իր ստեղծման օրը՝ 2008թ. օգոստոսի 27-ին, «Հայաստանում լիբանանյան օրեր» նախագծի բացման ժամանակ, այնուհետեւ հաջորդեցին համերգներ Երեւանում, ՀՀ մարզերում եւ Արցախում՝ Գորիս, Սիսիան, Սեւան, Ստեփանակերտ, Շուշի եւ այլն: 2009թ. համույթի երաժիշտները մասնակցեցին տարբեր մրցույթների՝ «Ազգային նվագարանների եւ ժողովրդական երգի անհատ կատարողների հանրապետական 3-րդ մրցույթ», «Վերածնունդ» միջազգային մրցույթ- փառատոն»: Պատանի երաժիշտներից մի քանիսն արժանացել են տարբեր կարգի մրցանակների: Ապրիլի 18-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի գալահամերգը: 6-22 տարեկան երաժիշտները հայկական ավանդական տարբեր երաժշտական նվագարաններով՝ դուդուկ, քամանչա, թառ, դափ, քանոն, բլուլ եւ այլն, կատարեցին Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Շերամի եւ այլ հայտնի կոմպոզիտորների եւ աշուղների ստեղծագործություններից: Այն խորհրդանշական սկիզբ էր Եվրոպայում սպասվող համերգային շրջագայությունների համար: Հրավիրյալները խիստ կարեւորեցին մեր իրականության մեջ նման համույթի կարեւորությունն ու դերը:
Ապրիլի 22-ից մայիսի 8-ն էլ «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը «Երկիր Եվրոպա» կազմակերպության հրավերով համերգներով հանդես կգա Եվրոպայի մի շարք քաղաքներում: Ծրագրի շրջանակներում ապրիլի 30-ին Փարիզում կկայանա բարեգործական համերգ, որի ամբողջ հասույթը կտրամադրվի 2008թ. ավտովթարից տուժած իննամյա Ալեքս Չուֆլաքյանի բուժմանը: Համույթը հանդես է գալու նաեւ Ժնեւում, Ցյուրիխում (Շվեյցարիա), Լիոնում, Թուլուզում, Մոնթելիմարում, Ռոմանում, Սարլայում, Սենթ Շամասիում եւ Կահորում (Ֆրանսիա), փոխադարձ վարպետության դասեր կանցկացնեն Ռոմանի երաժշտանոցում եւ եվրոպացի հանդիսատեսին կծանոթացնեն հայկական ժողովրդական նվագարաններին: Այս շրջագայությունը աննախադեպ հնարավորություններ է ստեղծում ներկայացնելու հայ երաժշտությունը եվրոպացի հանդիսատեսին եւ փոխադարձ շփման, համագործակցության եզրեր գտնելու: Համերգային ծրագրում թերեւս ամենախորհրդանշականը ապրիլի 24-ին Լուգանոյում ներկայացված միջոցառումն էր՝ նվիրված 1915թ. Օսմանյան կառավարության կողմից իրականացված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: