ԵՊՀ ուսանողուհի Լիլիթ Սարգսյանը եւ նրա համակուրսեցիներ Լիլիթ Ղարիբյանն ու Սիրանուշ Հակոբյանը նյութեր էին բերել խմբագրություն: Ոչ մեկին չմերժեցինք, երեքի նյութերն էլ տպագրեցինք: Ցավոք, պարզվեց, որ Լիլիթը նյութի վրա լավ չի աշխատել: Այս մասին տեղեկացանք, երբ նրա «հեքիաթին» արձագանքեցին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Կենտրոն-Արեւմտյան» տարածքային մասնաճյուղի «Աշտարակ» տեղամասից: Հեքիաթասաց ապագա լրագրողուհին գրել էր, թե զրուցել է «Հայջրմուղկոյուղի» ընկերության «Աշտարակ» մասնաճյուղի տնօրեն Աշոտ Գրիգորյանի հետ: Մեզ զանգեց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Կենտրոն-Արեւմտյան» տարածքային մասնաճյուղի «Աշտարակ» տեղամասի պետ Արտյոմ Խաչատրյանը եւ ասաց, որ նախ «Աշտարակ» մասնաճյուղ չկա, «Աշտարակ» տեղամաս կա, որի տնօրենն էլ ինքն է: «Աշտարակ» տեղամասում Աշոտ Գրիգորյան անունով տնօրեն չի եղել եւ չկա: Տեղամասում կա Աշոտ Գրիգորյան անվամբ աշխատակից, որը, սակայն, լրագրողին տեղեկություններ տրամադրելու լիազորություն չունի, եւ, ըստ Արտյոմ Խաչատրյանի, Լիլիթ Սարգսյանը «Աշտարակ» տեղամասի որեւէ աշխատակցի հետ չի խոսել:
«Առավոտը» ցավում է այս թյուրիմացության համար: