Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԳՄՔ-Ի ԴԵՄ ԽԱՂ ՉԿԱ՞

Ապրիլ 29,2010 00:00

\"\"«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնին» ոչ միայն չի լրացնում բացը, այլեւ փորձում է հանքավայրը բաց եղանակով շահագործել

«Առավոտը» բազմիցս է անդրադարձել Սյունիքի մարզի Շահումյան բանավանի բնակիչների խնդրին (14.07.2009՝ «Բոնուսը՝ ընդդեմ գործադուլի», 8.09.2009՝ «Գործը հասավ դատարան», 1.10.2009՝ «Դատական ատյանները խոչընդոտում են», 10.11.2009՝ «Բնապահպանական խնդիրները՝ Կապանում», 18.11.2009՝ «Զոհ՝ Շահումյանում», 16.01.2010՝ «Լուծում գտնվել է, դատը՝ հետաձգվել», 20.02.2010՝ «28 շահումյանցու հարց լուծվեց» եւ այլն): Կապանում գործող «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերությունը բանավանի մոտ գտնվող հանքը շահագործում է նորմերի խախտումներով, արդյունքում՝ վնասվում են բանավանի բնակիչների տունուտեղն ու գույքը: Այս պահի դրությամբ 28 ընտանիք ընդունել է փոխհատուցում ստանալու եւ հեռանալու՝ ընկերության առաջարկը: Բայց Շահումյանում մոտ 200 տնտեսություն կա: Չնայած սրան, «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ն առաջարկում է Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի բաց շահագործման ծրագիր: Շահումյանցիների շահերը ներկայացնող «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ն դեմ է նման ծրագրին: Ըստ հ/կ-ի մասնագետների, «Կապանի էկոլոգիական վիճակն արդեն իսկ վատ վիճակում է: Դրա մասին են վկայում ՀՀ ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտական հետազոտությունները: Ծանր մետաղներով եւ թունավոր տարրերով աղտոտված է ոչ միայն Կապան համայնքի վարչական տարածքը, այլ նաեւ նրան շրջապատող համայնքները: Փոշու, գազերի, ճառագայթման, աղտոտված ջրի եւ հողի, թափոնների եւ պոչամբարների տեսքով էկոլոգիական բեռնվածությունը նախ եւ առաջ պայմանավորված է երկու խոշոր լեռնահանքարդյունաբերական ձեռնարկությունների՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի», որը բաց եղանակով շահագործում է Քաջարանի հանքավայրը, եւ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնիի», որը փակ եղանակով շահագործում է Շահումյանի հանքավայրը: Եթե Շահումյանի հանքավայրը շահագործվի բաց եղանակով, ապա մենք 40 հազար բնակչությամբ քաղաքում կստանանք բաց հանք: Մեր կարծիքով, երբ խոսվում է մարդկանց առողջության եւ կյանքի մասին, ապա ընկերությունը պետք է շատ ծանրակշիռ ապացույցներ ներկայացնի, որ իրեն անհրաժեշտ է անցնել բաց եղանակով հանքանյութի հանքահանման: Երկար տարիների ընթացքում Շահումյանի հանքավայրում նախագծային պայմանների խախտումով հիմնականում շահագործվել են հարուստ հանքերակները: Արդյունքում առաջացել են ստորգետնյա դատարկ տարածություններ, որոնք մեծ խնդիրներ են առաջացնում ոչ միայն փակ, այլ նաեւ բաց եղանակով հանքահանման համար»,- ասվում է հ/կ հաղորդագրության մեջ:
Իսկ ՀՀ բնապահպանության նախարարությունը, ի պատասխան «Առավոտում» ապրիլի 14-ին տպագրված՝ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության թափոնավայրի անձնագրի բացակայության մասին «Դեռ պատասխան չեն ստացել» հրապարակմանը, տեղեկացնում է, որ վտանգավոր թափոնների անձնագրերը համաձայնեցնում-հաստատում է ՀՀ բնապահպանության նախարարությունը: «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնին» համաձայնեցման-հաստատման է ներկայացրել 12 թափոնի անձնագիր՝ բանեցված կոմպրեսորային յուղերից եւ յուղերով աղտոտված ավազից մինչեւ բանեցված կապարե կուտակիչներ ու բանեցված սնդիկային լամպեր, սնդիկ պարունակող խողովակներ ու խոտան: Սակայն անձնագրերը մինչ օրս հաստատված չեն, քանի որ թերի են: Նախարարությունը մի քանի անգամ դիմել է ընկերությանը: Ընկերությունը համառորեն չի լրացնում բացը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել