Human Rights Watsh-ը դիմել է ՀՀ •գլխավոր դատախազին՝ իր մտահոգությունը հայտնելով 24-ամյա Վահան Խալաֆյանի մահվան կապակցությամբ: «Կազմակերպությունը հորդորում է Ձեզ իրականացնել մահվան հանգամանքների հիմնավոր, անկախ եւ թափանցիկ հետաքննություն՝ համաձայն Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների: Ապրիլի 13-ին 1.5 միլիոն դրամի արժողությամբ ապրանքների գողության կասկածանքով Խալաֆյանը եւ հինգ այլ անձինք ձերբակալվել են Չարենցավանում, որը Երեւանից 40 կմ հեռավորության վրա է: Ոստիկանությունը հրապարակավ հայտնել է, որ Խալաֆյանը ոստիկանության մայորի գրասենյակից վերցրել է դանակը եւ դանակահարել է ինքն իրեն՝ ստամոքսի հատվածում: Ժամեր անց նա մահացել է հիվանդանոցում», ասվել է դատախազին ուղղված նամակում: Իրավապաշտպանները տեղեկացնում են նաեւ, որ Խալաֆյանի մայրը տեղական լրատվամիջոցներին հայտնել է, որ որդու կրծքավանդակին եղել են կտրվածքներ, երկու բաց վնասվածք՝ փորի վրա, ինչպես նաեւ բազմաթիվ կապտուկներ՝ ոտքերին:
Human Rights Watch-ը մտահոգված է, որ Խալաֆյանի դիակի վիճակի վերաբերյալ ոստիկանապետի կողմից արված հայտարարությունները եւ նրան որպես գողություն կատարող խմբի առաջնորդ որակելը կարող են վտանգել հետաքննության անաչառությունն ու անկախությունը:
Միջազգային կազմակերպությունը հորդորում է, որպեսզի ապահովվի Խալաֆյանի մահվան հանգամանքների անաչառ, հիմնավորված եւ թափանցիկ հետաքննության իրականացումը. «Նման հետաքննության անցկացման ձախողումը եւ մեղավորներին պատասխանատվության չենթարկելը կնշանակի Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ներքո ստանձնած պարտավորությունների խախտում»:
Հետաքննությունը պետք է նաեւ պարզի Խալաֆյանին ցուցաբերված բժշկական օգնության արդյունավետությունը եւ արդյո՞ք այն համապատասխանել է հնարավոր բարձրագույն չափանիշներին: