Լրահոս
Օրվա լրահոսը

Բուհն ավարտելուց հետո էլ չեն կարողանում աշխատանք գտնել

Ապրիլ 29,2010 00:00

Աշխատաշուկայում առաջարկ-պահանջարկի անհամապատասխանություն կա

Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնում, հունվարի 1-ի դրությամբ, հաշվառված է 5352 գործազուրկ: Մարզի ամբողջ կտրվածքով այդ թիվը հասնում է 11 078-ի:
Վանաձորի զբաղվածության կենտրոնը միջնորդ կազմակերպություն է՝ աշխատանք փնտրողի եւ գործատուի միջեւ:
Կենտրոնում հաշվառվածներից 405-ը 19-24 տարեկան են, 738-ը՝ 25-30: Աշխատանք ունենալու համար կենտրոնում հաշվառվածների ցուցակում առավել մեծ թիվ են կազմում 35-45 տարեկանները՝ 1647:
Զբաղվածության տարածքային կենտրոնի պետ Արա Առաքելյանը նշում է, որ վերապատրաստումներից հետո աշխատանք կարողանում են գտնել 31-50 տարեկանները. «Քանի որ այս մարդկանց թիվը շատ է, ուստի եւ բնական է, որ նրանք ավելի շատ կտեղավորվեն աշխատանքի»:
Եթե նախորդ տարի կենտրոնում պետական ֆինանսավորմամբ 103 քաղաքացի է վերապատրաստվել, ապա այս տարի նրանց թիվը կիսով չափ կնվազի. 2010-ին վերապատրաստում կանցնի 65 քաղաքացի. ֆինանսական ճգնաժամը կենտրոնի գործունեության վրա էլ է ազդել:
Այդ մասին Լոռու մարզային երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում (ԼՄԵՄԿԿ) երիտասարդների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ ասաց Զբաղվածության կենտրոնի պետը:
Արա Առաքելյանն այն կարծիքը հայտնեց, որ մեզ մոտ գործազրկության պատճառն աշխատաշուկայում առաջարկի եւ պահանջարկի անհամապատասխանությունն է. «Շատ կարեւոր է մասնագիտության ընտրության խնդիրը: Մի կողմից՝ մենք ունենք մասնագիտությունների պահանջարկ, մյուս կողմից՝ ստացած մասնագիտությունը մարդուն չի ապահովում աշխատանքով: Մարդիկ պետք է ունենան աշխատաշուկային համապատասխան մասնագիտություն»:
2009թ. ընթացքում Զբաղվածության կենտրոնի միջնորդությամբ կամ աջակցությամբ աշխատանքի է տեղավորվել ընդամենը 455 մարդ, ինչը 2008թ. 681 ցուցանիշի համեմատությամբ նվազել է:
Արա Առաքելյանը նաեւ չմոռացավ հիշեցնել, որ ամեն տարի տարբեր բուհեր տալիս են այնպիսի մասնագետներ, որոնց պահանջարկը չունենք կամ այնպիսի մասնագետներ, որոնց համար չկան համապատասխան գործարաններ, կազմակերպություններ, որպեսզի ավարտածն աշխատի:
Վանաձորի առեւտրաարդյունաբերական պալատի տնօրեն Մարգարիտա Սողոմոնյանն էլ կարծում է, որ պետք չէ սպասել, թե երբ պետությունը ինչ-որ քայլ կանի գործազրկությունը նվազեցնելու ուղղությամբ:
«Մասնագիտության ընտրության ժամանակ պետք է ուշադրություն դարձնել, թե աշխատաշուկայում տվյալ պահին ի՞նչ մասնագետների պահանջը կա»,- երիտասարդների հետ զրույցում ասաց Մարգարիտա Սողոմոնյանը՝ ավելացնելով, որ, օրինակ, մանկավարժ աշխատելու հավանականությունը ներկայումս շատ քիչ է: «Մանկավարժական բուհ ընդունվելիս պետք է հաշվի առնել, որ ամեն տարի ցերեկային եւ հեռակա բաժիններում սովորող մեծաթիվ ուսանողներ կան, ովքեր, մինչեւ Ձեր բուհն ավարտելը, արդեն ունեն մանկավարժի դիպլոմ,- ասում է Մարգարիտա Սողոմոնյանը,- մի կողմից՝ մանկավարժների թիվը ավելանում է, մյուս կողմից՝ դպրոցում կրճատումներ են իրականացվում»:
«Ոչ ոք նախօրոք չգիտի, որ բուհն ավարտելուց հետո աշխատանքի տեղ չի լինելու»,- կարծիք են հայտնում երիտասարդները եւ խնդրի իրենց լուծման տարբերակն են առաջարկում՝ կրթության նախարարությունն ու Զբաղվածության տարածքային կենտրոնը պետք է համագործակցեն:
Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնում հաշվառված է բարձրագույն կրթություն ունեցող 746 գործազուրկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել