Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅԳԻՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Ապրիլ 29,2010 00:00

Ազգային գրադարանի եւ Ագրարային համալսարանի մոտակայքում գտնվող սրճարանի շինարարության օրինականությունը կարող է բողոքարկվել դատարանում: Հայցը ներկայացնելու պատրաստակամությունը հայտնել է Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը:
Ինչպես, «Արմինֆոյի» փոխանցմամբ, երեկ նշել է կենտրոնի ծրագրի ղեկավար Սոնա Այվազյանը, իր կազմակերպությունը պատրաստ է դիմել դատարան: Միեւնույն ժամանակ, նա կոչ է արել մասնավոր անձանց եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ նույնպես պաշտպանել հայցը:
Երեւանի այգիներից մեկում տեղակայված սրճարանը էկոլոգների եւ քաղաքապետարանի անվերջ վիճաբանության առարկան է: Հայաստանի սպառողների միության տվյալների համաձայն՝ սրճարանը կառուցելու համար հատվել է 20 ծառ, ինչի մասին վկայում են լուսանկարներն ու տեսանյութերը: Դրա հետ մեկտեղ քաղաքապետարանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ ծառերը ոչ թե կացնի զոհ են դարձել, այլ էքսկավատորների, որոնք, իբր պատահաբար, հարվածել են ծառերին: ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցչի կարծիքով, հիմնական խնդիրն այն է, որ այգին, որն առաջ համալսարանի սեփականությունն էր, այժմ փոխանցվել է Երեւանի քաղաքապետարանին: Այդպիսով, բուհի ուսանողները, ինչպես նաեւ ռեկտորատը զրկված են իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորությունից: Ինչ վերաբերում է այս գործին նախարարության խառնվելու հնարավորությանը, ապա, ըստ «Արմինֆոյի», այն համարյա զրոյի է հասցված, քանի որ սրճարանի սեփականատերերը շինարարության համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ունեն: Հետաքրքիր է, որ փաստաթղթերը հաստատված են նույն քաղաքապետարանի կողմից, որը հայտնի է կանաչ տարածքների հանդեպ իր սիրո բազմաթիվ երդումներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել