Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջականի պատճառով է հրաժարվել

Ապրիլ 29,2010 00:00

Սակայն զբաղվածության ծառայությունը, միեւնույն է, նրան զրկել է 2-ամսյա գործազրկության նպաստից:

Սոցիալական նպաստի համար պատասխանատուները նպաստառուներին ցուցակներից «մաղելու» համար պարբերաբար նոր մեխանիզմներ են մշակում՝ չմտածելով, որ այս կամ այն նպաստառու քաղաքացին իսկապես ոչ մի այլ եկամուտ չունի եւ սնվում, կոմունալ վարձերը վճարում եւ ընդհանրապես գոյատեւում է իրենց տրամադրած ընդամենը 18 հազար դրամով: Այն ժամանակ, երբ շուրջ 16 հազար նպաստառու կեղծ փաստաթղթերով տարիներ շարունակ նպաստ էր ստանում, սոցիալական ծառայության աշխատակիցներից որեւէ մեկի մտքով չէր անցնում, որ նրանցից ինչ-որ մեկը շատ լավ էլ եկամտի այլ աղբյուրներ ունի եւ շատ հնարավոր է՝ իրենց ներկայացրած փաստաթուղթը կեղծ է:
Հիշեցնենք, որ ընդամենը վերջերս Վերահսկիչ պալատի՝ այդ համակարգում կատարած ստուգումների արդյունքում, պարզ էր դարձել, որ 16 հազար նպաստառու կեղծ փաստաթղթերով նպաստ է ստացել՝ այդպիսով զբաղեցնելով այլ, իսկապես աղքատ մարդկանց տեղը: Եվ որպեսզի նպաստառուների քանակը սահմանափակ լինի, քանի որ պետությունն ի վիճակի չէ այդքան նպաստառու պահել, սոցպատասխանատուները սկսել են ամենաչնչին պատճառաբանությամբ մարդկանց նպաստից զրկել: Ասենք՝ եթե մարդը 21-րդ դարում հեռակառավարվող հեռուստացույց ունի, կամ ինչ-որ նպաստառուի լվացքի մեքենան ավտոմատ է, գյուղացին մեկ կով ունի եւ այլն, այդ ընտանիքը հուր- հավիտյան նպաստի ցուցակներից դուրս է մնում:
Երեկ «Առավոտի» խմբագրություն այցելած Նոր Նորքի բնակիչ՝ գործազուրկ Արամայիս Մնացականյանին նույն համայնքի զբաղվածության ծառայության աշխատակիցները 2 ամսով նպաստից զրկել են: Քաղաքացու խոսքերով, ինքն ընդամենը 1,5 ամիս է նպաստ ստացել, եւ մի օր իրեն հրավիրելով զբաղվածության կենտրոն՝ ասել են, որ աշխատանք են առաջարկում. «Ինձ ասացին, որ պետք է գնամ «Ֆրեշ» սուպերմարկետ եւ աշխատանքի պայմանագիր կնքեմ: Չասացին, թե կոնկրետ ինչ եմ անելու: Ես էլ գնացի ու տեսա, որ 50 կիլոգրամանոց մեշոկներ պետք է կրեմ ու դրա համար ստանալու էի ընդամենը 60 հազար դրամ: Ես առողջություն չունեմ, գրիժա ունեմ, որի պատճառով չէի կարող այդ մեշոկները տեղափոխել, ու հրաժարվեցի: Ինձ չէին նախազգուշացրել, որ եթե առաջարկված աշխատանքից հրաժարվեմ՝ կզրկվեմ նաեւ նպաստից: Երբ բողոքեցի՝ նրանք ինձ ասացին, որ օրենքն է այդպես պահանջում: Իսկ այդ նպաստն ինձ համար հացի ու ջրի գումար էր»:
Այս առնչությամբ Նոր Նորքի զբաղվածության ծառայության սոցերաշխիքների բաժնի պետ Ռուզաննա Դերմոյանը մեզ պարզաբանեց, որ, ըստ ՀՀ օրենսդրության, եթե նպաստառուին առաջարկվում է հարմար աշխատանք եւ նա հրաժարվում է, նրան 2-ամսյա նպաստից զրկում են: Մենք բաժնի պետից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ այս կամ այն աշխատանքին ուղակելուց առաջ հաշվի չեն առնում քաղաքացու առողջական վիճակը կամ առավել մանրամասն տեղեկատվություն չեն տրամադրում, որպեսզի նա պատճառաբանի այդ գործից իր հրաժարվելը: «Մեր մասնագետը նրան ասել է, թե «Ֆրեշ» սուպերմարկետում նա ինչ աշխատանք պետք է կատարի, նա էլ համաձայնել է: Գնացել է այնտեղ, գործատուից իմացել է, թե որքան են վարձատրելու ու հրաժարվել է, նրա դիմումի մեջ գրված է, որ աշխատանքից հրաժարվում է բավարար գումարով չվարձատրվելու պատճառով, թող գրեր՝ այս աշխատանքն ինձ հարմար չէ, աշխատող մարդը 18 հազար դրամ նպաստից հետո՝ չէր հրաժարվի 60 հազար դրամից: Նա աշխատել է բանվոր-առաքիչ, աշխատանքային գրքույկում գրված է, որ նա 20 տարվա ընթացքում աշխատել է 20 տեղ: Նշեմ նաեւ, որ նա 2-րդ անգամ է նպաստ սկսել ստանալ: Նրա նպաստը կվերականգնվի հուլիս ամսից եւ մինչեւ հաջորդ տարվա փետրվարի 14-ը կստանա 18 հազար ամսական նպաստը»,-ասաց Ռ. Դերմոյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել