Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱԼԻԿՆԵՐԻՑ, ՆԵՐԿԵՐԻՑ ՍԿՍԱԾ՝ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆՈՒՄ ԵՆՔ»

Ապրիլ 29,2010 00:00

\"\"Մարզերում բուժհիմնարկների արդիականացումն այսպես է ընթանում

Դեռեւս 2004 թվականին առողջապահության նախարարությունը սկսեց «Առողջապահական համակարգի արդիականացման ծրագիրը», ինչն իրականացնելու համար Համաշխարհային բանկից ՀՀ կառավարությունը մոտ $51 մլն վարկային միջոցներ է ստացել: Ըստ այդ ծրագրի՝ մարզային բուժհիմնարկները պետք է վերանորոգվեն, համալրվեն նոր սարքավորումներով եւ այլն: Տեղեկանալու համար, թե ո՞ր փուլում է այդ գործընթացը, «Առավոտը» զրուցեց նախարարության առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Սերգեյ Խաչատրյանի հետ:
– Պարոն Խաչատրյան, մինչ օրս մարզային քանի՞ հիվանդանոց է վերանորոգվել եւ որքա՞ն գումար է ծախսվել:
– Ծրագրի իրականացման առաջին փուլում, երբ չնչին գումարներով նախատեսված էր հիվանդանոցներում փոքր նորոգումներ անել եւ մի քանի սարքավորումներ գնել, հասկացանք, որ կարկատան անելու բան շատ կա: Դրանց արդյունքները չեն երեւում, որովհետեւ, ասենք, շենքն արդեն վատ վիճակում է, եւ 1 բաժանմունք նորոգելով՝ խնդիրը չի լուծվի, քանի որ ենթակառուցվածքներն ու կոմունիկացիաները հին են, քայքայված, եւ որքան ուզում ես կարկատան արա՝ շուտ մաշվելու են: 2007-ին Հարություն Քուշկյանը նշանակվեց նախարար: Նա վերանայեց մոտեցումները եւ երբ Համաշխարհային բանկից ստացանք նաեւ 2-րդ փուլի համար նախատեսված գումարը, որոշվեց կարկատանների փոխարեն հիմնանորոգում կատարել, լուրջ սարքավորումներ ներդնել, անգամ նոր բաժանմունքներ բացել: Որպես օրինակ բերեմ Հրազդանի եւ Իջեւանի հիվանդանոցները: Այս 2 հիվանդանոցների համար ծախսվել է մոտ $4.6 մլն:
Հրազդանի պոլիկլինիկան եւ ծննդատունը տեղափոխեցինք հիվանդանոցի շենք, դրանք գործելու են մեկ իրավաբանական անվան տակ: Օդափոխության համակարգեր ենք տեղադրել, եւ դրանք կարգավորում են, ասենք, վիրահատական սրահներում ինչպիսի օդափոխություն պետք է լինի, հիվանդասենյակներում՝ ինչպիսի: Առանձնացված հակահրդեհային համակարգեր ենք տեղադրել, իսկ հիվանդասենյակներում ազդանշանային համակարգեր կան, որպեսզի հիվանդը կանչի հնարավորություն ունենա: Բոլոր սենյակները ջեռուցվում են, ունեն սանհանգույցներ: Այս ամենը նախկինում չկար: Բացի այս բոլորը, մի շարք այլ համակարգեր էլ ենք տեղադրել: Այդ հիվանդանոցները միջազգային չափանիշներին լիարժեք համապատասխան են, որովհետեւ արդեն ունեն թոքերի արհեստական շնչառությունն ապահովող եւ դիագնոստիկ լավագույն սարքավորումներ: Նախատեսվում է նույնությամբ վերանորոգել եւ սարքավորումներով հագեցնել Արմավիրի, Արարատի, Ապարանի եւ Գորիսի հիվանդանոցները, իսկ Գյումրիում նոր շենք է կառուցվելու եւ կրկին՝ միջազգային չափանիշներով:
– Գյումրիի եւ Մեղրիի բնակիչները շատ են դժգոհում օպտիմալացումից՝ ծննդատների եւ հիվանդանոցների միավորումներից: Ձեր կարծիքով՝ այս անգամ բանկիչներն ի՞նչ կշահեն նմանօրինակ օպտիմալացումներից:
– Հրազդանի օրինակով ասեմ: Ծննդատունը գտնվում էր քաղաքի մուտքի մոտ, կենտրոնական հիվանդանոցից շատ հեռու: Մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար հղիները պետք է գնային-հասնեին հիվանդանոց: Միավորելով՝ մենք մատչելիության խնդիր ենք լուծել: Բացի այդ, մեկ կենտրոնում կան մի քանի տարբեր ծառայություններ: Եթե, ասենք, ունեն առանձին ծննդատուն, ապա պետք է լավ լաբորատորիա ու ռենտգեն կամ այլ բաժանմունքներ ունենան, որը նախկինում անհնար էր, իսկ այսօր կա մեկ լավ դիագնոստիկ ծառայություն, որը ծառայում է եւ ծննդատանը, եւ մյուս բաժանմունքներին: Այս առումով բնակիչները շահում են, նրանց ծախսերն էլ կրճատվում են: Ծննդատան տեղափոխումը նաեւ հիգիենիկ հարցեր է լուծում՝ մաքուր, ժամանակակից ու ջեռուցվող սենյակներ են: Ինչ վերաբերում է Մեղրիին, ապա բնակիչներն իրենք են օպտիմալացում արել: 1 տարվա ընթացքում Մեղրիում 4 վիրահատություն է եղել, իսկ Ագարակում՝ մի քանի հարյուր, ծննդօգնությունը Մեղրիում քիչ է, իսկ Ագարակում՝ շատ… Մեղրիում մանկական եւ թերապեւտիկ ծառայությունն է լավ կատարվում: Այսինքն՝ 2 իրար մոտ քաղաքներում նույնպիսի ծառայություններ պահելը իմաստ չունի: Դա պետության համար հավելյալ ծախս է: Ուստի մենք որոշել ենք 2010-ին, Մեղրիի եւ Ագարակի միջեւ, բնակիչներին հարմար վայրում կառուցել նոր հիվանդանոց՝ ժամանակակից ենթակառուցվածքներով:
– Արդյոք հիվանդանոցների արդիականացումը բուժսպասարկման ծառայությունների գներն էլ ավելի չի՞ բարձրացնի:
– Միանշանակ՝ ոչ:
– Պարոն Խաչատրյան, մարզերում կա նեղ մասնագետների պակաս, իսկ եղած բժիշկներն էլ սովոր են աշխատել հին սարքավորումներով: Արդյոք, այդ բժիշկները վերապատրաստվե՞լ են, չե՞ն դժվարանում նորագույն սարքավորումներով աշխատել:
– Նման մտավախություն ունեցել ենք: Երբ 1999-ին գնում էինք նոր դիագնոստիկ սարքավորումներ, շատերն ասում էին՝ ինչո՞ւ եք գնում, կարո՞ղ են աշխատել եւ այլն: Մոնիտորինգներից հետո պարզվեց, որ բժիշկները շատ արագ սովորում են, կատարելագործվում եւ հմտանում են իրենց գործում: Իհարկե, ձեր նշած խնդիրը կա, բայց նոր ծրագիր ենք նախատեսում բժիշկներին ու ամբողջ անձնակազմին վերապատրաստելու համար:
– Հիվանդանոցների շինաշխատանքների համար մրցույթ է հայտարարվել: Սովորաբար մրցույթին ներկայանում եւ հաղթում են կատարյալ ծրագրով, բայց երբ անցնում են բուն աշխատանքին, այդ ընկերությունները թերանում են իրենց գործում, եւ, ասենք, մի քանի ամիս անց կահույքն է մաշվում, պատերը ճաքում են, գաջը թափվում է, սալիկը՝ պոկվում:
– Պետք է ասեմ, մեր բախտը բերել է շինարարների հարցում, գուցե նրանց բախտը չի բերել, որ մեզ հետ են աշխատում, քանի որ խիստ վերահսկողության տակ են: Սալիկները, նույնիսկ ներկերը օգտագործելուց առաջ համաձայնեցնում են մինչեւ անգամ նախարարի հետ: Շինաշխատանքների ընթացքին պարոն Քուշկյանը հենց տեղում է հետեւում՝ թե ինչ լամպեր կամ վարդակ են տեղադրել: Բոլոր աշխատանքները նկարված են, ամբողջ հիվանդանոցի վրա սանտիմետրերով կարող եմ ասել, թե որտեղ՝ ինչ եւ ինչպիսի աշխատանք է կատարվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել