Ապրիլի 26-28-ը ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում տեղի ունեցած Middle East Food ցուցահանդեսին մոտ երեք տասնյակ երկրների շարքում մասնակցել է նաեւ Հայաստանը:
ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ եւ Զարգացման հայկական գործակալության կազմակերպմամբ ցուցահանդեսում Հայաստանը ներկայացրել են Glass World, Konser, Dilijan Frolova, Noyan, Eurocup եւ Euroterm ընկերությունները: ԱՄԷ եւ Ծոցի տարածաշրջանի գործարար այցելուները քննարկել եւ գործնական առաջարկություններ են արել՝ կապված հայկական տաղավարի արտադրատեսակների հետ, հետաքրքրվել են նաեւ Հայաստանի այլ արտադրանքներով: Ցուցահանդեսի կազմակերպիչներն ու այցելուները, նկատելով հայկական արտադրատեսակների բարձր որակն ու մրցունակությունը, ակնկալել ու կարեւորել են հետագա ցուցահանդեսներում հայկական տաղավարի առավել ընդլայնված ներկայացումը: