Երեկ հայաստանյան 4 հասարակական կազմակերպություններ՝ «Եվրասիա» համագործակցության հիմնադրամը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը (ՀԱԳՄ) եւ Երեւանի մամուլի ակումբը ստորագրել են հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն ուղղված հուշագիր, որի նպատակը երկու երկրների հասարակությունների մերձեցումը եւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումն է։
Հուշագրի շրջանակում 4 կազմակերպությունները կշարունակեն Թուրքիայի տարբեր կառույցների հետ իրենց աշխատանքները։ Քննարկումներ կկազմակերպվեն նաեւ ՀՀ մարզերում։ Կմշակվի միասնական ծրագիր եւ ընդհանուր ռազմավարություն, որոնք հետագայում կներկայացվեն նաեւ թուրք գործընկերներին։ Ըստ tert.am-ի՝ բանախոսները նշել են, որ երկու երկրների հարաբերությունների բարելավման համար նախ պետք է թուրք հասարակության տրամադրությունները փոխվեն, Թուրքիայում արդեն իսկ կա առաջընթաց՝ «Հայոց ցեղասպանության մասին բացահայտ խոսում են, զոհերի հիշատակի արարողություններ են կազմակերպվում»։ «Թուրքիայի քավարանը Հայաստանն է։ Այդ երկիրը պետք է մեր միջոցով մաքրվի, որպեսզի կարողանա ինտեգրվել եվրոպական արժեհամակարգին»,- նշել է ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։ Ի դեպ, նրա ղեկավարած կառույցը միակ հասարակական կազմակերպությունն է, որն անցյալ տարի սեպտեմբերին Ստամբուլում բացել է իր ներկայացուցչությունը:
Panorama.am-ի այն հարցադրմանը, թե ինչ աշխատանքներ է տանում ներկայացուցչությունը, միության նախագահ Արսեն Ղազարյանը պատասխանել է, որ այն 3 հիմնական խնդիր է լուծում: «Մենք միշտ նշել ենք, որ ապրանքաշրջանառությունը Թուրքիայի հետ միակողմանի է, մենք ունենք միայն թուրքական ապրանքների եւ ծառայությունների ներկրում, որոնք զգալի ծավալների են հասնում, եւ չունենք պաշտոնական ոչ մի արտահանման փորձ. Թուրքիայի կողմից էմբարգոն պահպանվել է առ այսօր, եւ հայկական ծագում ունեցող ապրանք չենք կարող այդ շուկա մտցնել: Ներկայացուցչության առաջին խնդիրն է ուսումնասիրել այսօրվա տնտեսության մեջ առկա, արտահանման պոտենցիալ ունեցող ապրանքները, որոնք կարող են այդ շուկայում մոտ ապագայում մրցունակ լինել: Հաջորդն այն հարցն է, թե մոտ ապագայում ինչպես իրականացնել արտահանում՝ այն թուրքական կազմակերպությունների համար, որոնք մեր ապրանքների կարիքն ունեն. կիսաֆաբրիկատներ, հումք… Որովհետեւ ինչ-որ տեղ նաեւ ռեժիմի թուլացում ենք նկատում. Թուրքիայի տարածքով տրանզիտ բեռների տեղափոխումը վերջին 3 տարում թույլատրվում է: Եվ վերջապես երրորդ հանգամանքը վերաբերում է նրան, որ թե՛ Թուրքիայում ներկայացնեն Հայաստանի տնտեսության ռեալ պատկերն ու պոտենցիալը, թե՛ Հայաստանում՝ Թուրքիայինը»,- ասել է Ա. Ղազարյանը: Նա տեղեկացրել է, որ իր ղեկավարած միությունը սերտ համագործակցում է Թուրքիայի Արդյունաբերողների միության հետ, իսկ անցյալ տարի մասնակից են դարձել Սեւ եւ Կասպից ծովերի երկրների Արդյունաբերողների կոնգրեսին, որի նստավայրը Ստամբուլում է: