Երեկ «Առավոտը» ստացել է «շարքային սպառող Հենրիկի» նամակը՝ ուղղված «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյին: Տպագրում ենք որոշ կրճատումներով:
Հուսով էի, որ խաբեությամբ սպառողին թալանելու գործընթացը 21-րդ դարում այլեւս արդիական չէ: Սակայն արատավոր երեւույթները մեզ շրջապատում են անգամ այսօր: Պարզաբանեմ (թեպետ կարծում եմ, որ ծրագրված թալանը կատարվում է Ձեր գիտությամբ, եթե ոչ՝ հրահանգով): Ոչ վաղ անցյալում ես դարձա «Բիլայնի» գիշերային ինտերնետի կանխավճարային բաժանորդ: Շեշտում եմ՝ կանխավճարայի՛ն: Հյուսիսային պողոտայում գտնվող սպասարկման կենտրոնում ինձ բացատրեցին. «Հետվճարային բաժանորդներն ամսական վճարելով 2500 դրամ, կարող են 00.00-ից մինչեւ 08.00 օգտվել ինտերնետից անվճար (այլ ժամերին 1 մեգաբայթի արժեքը 20 դրամ է): Կանխավճարային բաժանորդներից 00.00-ից մինչեւ 08.00-ն անսահմանափակ ինտերնետից օգտվելու համար օրական գանձվում է մոտ 83 դրամ (2500 դրամը բաժանած 30 օրվա), իսկ այլ ժամերին՝ 1 մեգաբայթի համար 20 դրամ»: Ըստ «ԱրմենՏելի» աշխատակցի՝ քարտը լիցքավորելով, ասենք, 1000 դրամով, միայն վերը նշված ժամերին ինտերնետից օգտվելու պարագայում ընկերությունն ինձ ծառայություն կմատուցի 12 օր: Արդարության դեմ չմեղանչելու համար նշեմ նաեւ, որ տեղեկացվել եմ, թե քարտը լիցքավորելուց հետո, անկախ նրանից՝ օգտվում եմ ծառայություններից, թե ոչ, ինձնից օրական 83 դրամը գանձվելու է: Դարձա բաժանորդ: Հաշվեկշռիս ունենալով 1000 դրամ՝ սկսեցի ամեն գիշեր օգտվել ինտերնետից: 7-8 օր անց ինձ դա այլեւս չհաջողվեց: Երբ փորձեցի պարզաբանումներ ստանալ «թեժ» հեռախոսագծի միջոցով, ինձ բացատրեցին, որ ինտերնետից օգտվելու համար իմ հաշվին նվազագույնը 360 դրամ պետք է ունենամ, իսկ իմ հաշվին այդ պահին 336 դրամ էր: Զավեշտալին ոչ միայն այն է, որ այս մասին ինձ ձեր աշխատակիցները չեն տեղեկացրել քարտը վաճառելիս, այլեւ այն, ինչ պարզվեց «թեժ գծի» աշխատակցի հետ թեժ զրույցի արդյունքում: «Բիլայնի» աշխատակցուհին ինձ բացատրեց, որ հաշվիս գումարը սպառվելուց հետո (երբ այն դառնա 0 դրամ), ինձնից եւս մեկ անգամ պետք է գանձվի 83 դրամ եւ վերջ (հաշվեկշիռս պետք է դառնա -83 դրամ): Պարզ ասած, վճարում եմ 1000 դրամ, 12 օր իմ հաշվից 83-ական դրամ է գանձվում, գումարը սպառվում է, սակայն հաջորդ օրը կրկին ինձնից օրավարձ եք գանձում, ավելի ճիշտ՝ ձեւակերպում եք որպես պարտք: Հանճարեղ է:
Իգոր, թեեւ Դուք հանրահայտ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ակումբի անդամ չեք, այդուհանդերձ՝ ուշադրությո՛ւն, հարցը.
Հարց 1 – Ի՞նչ իրավունքով եք գումար գանձում կանխավճարային քարտի հաշվին 0 դրամ ունեցող բաժանորդից ծառայություն չմատուցելու պարագայում: Ո՞ր տրամաբանությամբ է բաժանորդի հաշիվը դառնում – 83 դրամ:
Հարց 2 – Ինչո՞ւ, օրինակ, 1000 դրամ լիցքավորելով հունվարի 1-ին, 1000 դրամ` հունվարի 15-ին, ես գիշերային ինտերնետից պետք է օգտվեմ ոչ թե 24 օր, այլ 14 (քանի որ հունվարի 8-ից, ունենալով 336 դրամ, ինձ ծառայություն չեք մատուցում, ավելին, քամում եք մնացյալ գումարն ու մուրում եւս 83 դրամ` չգիտեմ ինչի համար):
Հարց 3 – Ի՞նչ իրավունքով եք վերը նշված 2000 դրամից ավելի քան 700 դրամ յուրացնում՝ այդ գումարի դիմաց ինտերնետից օգտվելու հնարավորություն չտալով:
Հարց 4 – Եթե խաբեությամբ չեք զբաղվում, ապա ինչո՞ւ այդ նվազագույն 360 դրամ շեմի եւ հաշվեկշիռս սպառելուց հետո ձեր ռեկետի մասին չեք հայտնում քարտը վաճառելիս, որեւէ բառ չեք գրում ձեր ինտերնետային կայքում:
Խնդիրը ոչ 336 դրամ կորցնելու, ոչ էլ 83 դրամ նվիրաբերելու մեջ է: Ավելին՝ 83 դրամի փոխարեն ձեզ 1000 անգամ ավելին կարող եմ նվիրաբերել, չնայած կգերադասեմ այդ գումարը կարիքավոր մարդկանց փոխանցել… Ոչ էլ ուզում եմ հակագովազդով զբաղվել, պարզապես, «ընտրելով կյանքի պայծառ կողմը», չէի կարծում, որ առկա են նաեւ մութ անկյուններ:
Եվ վերջում. «Բիլայնի» հարգելի աշխատակիցներին խորհուրդ չեմ տա խմբագրել կայքի https://www.beeline.am/usb-modem/usb-modem_ tariffs_night_am.html էջը, ապա հայտարարել, թե վերը նշվածի մասին այնտեղ ամեն ինչ գրված է: Շարքային սպառող Հենրիկ
P.S. Պարոն Կլիմկո, ակնկալում եմ ոչ միայն Ձեր հստակ հրապարակային պատասխանը, այլեւ սպառողների, մասնավորապես՝ ինտերնետից օգտվողների իրավունքների պաշտպանության մասին վերջին շրջանում ակտիվ խոսող ՀՀ Հանրային խորհրդի անդամների, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, սպառողների շահերը պաշտպանող հ/կ-ների արձագանքը: