Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔ ՍՏՐԻՊՏԻԶԻ ՄԱՍԻՆ

Ապրիլ 29,2010 00:00

«Հեստապար՝ պարելով եւ (կամ) երաժշտությամբ ուղեկցվող բեմական էրոտիկ ներկայացում, որի մասնակիցները ներկայացման ընթացքում աստիճանաբար մասամբ կամ լրիվ մերկանում են». սա մեջբերում է ՀՀ կառավարության ներկայացրած օրինագծից:

Ազգային ժողովի հերթական քառօրյայի օրակարգում է գտնվում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը նախորդ ուրբաթ օրվանից բավականին ակտիվորեն քննարկվում է լրագրողների շրջանում: Պատգամավորների ճնշող մեծամասնությունը տեղակ էլ չէր, որ նման հարց են քննարկելու եւ, կարդալով օրինագծի՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» վերնագիրը, զարմացած նայում էին հարց տվողին՝ «Հա, ի՞նչ անենք, առեւտրի հարցերը չքննարկե՞նք»: Պարզ էր, որ այսպես պատասխանողները բացարձակապես տեղյակ չէին, թե ինչ է նշանակում «առեւտուր» բառը տվյալ օրինագծում, եւ չգիտեին, որ «ծառայություն» բառը տվյալ օրենքի դեպքում նշանակում է ոչ ավել. ոչ պակաս՝ «ստրիպտիզ» ծառայություն եւ, ինչպես նկատեց գիտակ պատգամավորներից մեկը, «դեռ մի բան էլ ավելին»: Համենայնդեպս, կառավարության ներկայացրած այս օրինագիծը դեռ չքննարկված՝ արդեն մեծ աղմուկ է առաջացրել, եւ «հեստապարային» ծառայություններից ժամանակ առ ժամանակ օգտվող պատգամավորները երեկ բավականին բանիմաց հարցեր էին քննարկում ԱԺ միջանցքներում՝ համապատասխան ձողի հաստության կամ «հեստապարուհիների» արհեստավարժության մասին: Արդեն հայտնի է, որ ԱԺ տնտեսական զարգացման մշտական հանձնաժողովում օրինագծի քննարկման ժամանակ հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը բավականին «ընդդիմադիր» պահվածք է դրսեւորել: Օրինագիծը պատգամավորը «վերանվանել» է «Անբարոյականության մասին օրենք»: Մեր տեղեկություններով, հանձնաժողովի նիստի ժամանակ հանձնաժողովի փոխնախագահը՝ դիմելով օրինագիծը ներկայացնող արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանին, հարցրել է՝ «եթե այս օրինագիծը բերել եք, բա ինչո՞ւ չեք բերել պեդառածների, պեդոֆիլների եւ այլնի մասին օրենքների նախագծեր, անում եք՝ միանգամից արեք, թե չէ՝ այնպիսի տպավորություն է, որ ՀՀ-ում բոլոր տիպի իրավունքները պաշտպանված են, եւ այլեւս անելու բան չունենք, հիմա էլ պոռնկությունն ենք սկսում կարգավորել»: Ի դեպ, տնտեսական զարգացման հարցերի նախագահ Վարդան Այվազյանն այդ օրը բացակայում էր նիստից: Բացակայում էր նաեւ հանձնաժողովի անդամ Գոհար Ենոքյանը, թեպետ եթե առաջինի դեպքում հնարավոր կլիներ քաջատեղյակ քննարկում ակնկալել, ապա տիկին Ենոքյանի պարագայում դա գրեթե անհնարին կլիներ վերջինիս՝ ոլորտին անտեղյակ լինելու պատճառով: Հանձնաժողովի մյուս անդամները՝ Վերսանդիկ Հակոբյանը, Միքայել Վարդանյանը, Ալեքսան Պետրոսյանը եւ մյուսները կողմ են քվեարկել օրինագծին՝ առանց ծպտուն հանելու:
Արդեն երկու օր լրագրողները խորհրդարանում սպասում են արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին, ով խորհրդարանին պետք է ներկայացնի կառավարության հեղինակած օրինագիծը: Որոշ պատգամավորներ հույս ունեն, որ «որպես բարոյական եւ պրոֆեսիոնալ մարդ»՝ պարոն Դանիելյանն այդ բանը չի անի: Մինչդեռ կառավարությունը օրինագծի հիմնավորումներում շատ հստակ եւ բավականին լուրջ նշել է. «Հեստապարային (ստրիպտիզ- Մ. Ե.) ծառայության մատուցումը առնչվում է ոչ միայն զուտ բարոյական, այլեւ իրավական եւ սոցիալ-քաղաքական այնպիսի առանցքային նշանակություն ունեցող ոլորտների հետ, որում ծագած հարաբերությունների օրենսդրական կարգավորման բացակայությունը որոշակիորեն նվազեցնում է մարդկանց առեւտրի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային իրավունքի նորմերի գործնական կիրառման հնարավորությունները»: Կառավարությունը հստակեցնում է. «Հեստերային ծառայություն մատուցող կազմակերպությունում սպասարկումն իրականացնող անձանց տարիքը պետք է բարձր լինի 21 տարեկանից»: Հարց՝ ի՞նչ նկատի ունի կառավարությունը այս դեպքում «սպասարկում» ասելով: Ըստ այս օրինագծի դեմ պատգամավորների, ստրիպտիզը պետք է արգելվի եւ ոչ թե բերվի օրենքի դաշտ. «Դուք հեռուստատեսային գովազդում ցույց եք տալիս ռեստորան, հետը անկողին եք ցույց տալիս, ինչո՞ւ եք ցույց տալիս»,- զայրացած հարցնում է Վարդան Բոստանջյանը:
Ի տարբերություն իշխանության մաս կազմող պատգամավորների, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար պարոն Սաֆարյանը բավականին նորմալ է համարում այս օրինագծի քննարկումը. «Ընդհանուր առմամբ, վերջին շրջանում կառավարությունը նման ժամանցի վայրերը, ինչպիսիք են՝ խաղատները, շահումով խաղերը, փորձ արեց տեղափոխել Երեւանից դուրս: Մեր հայեցակարգային մոտեցումը մնում է այն, որ ՀՀ տարածքում պետք է ստեղծվեն հարաբերականորեն մեկուսի վայրեր, հեռու ոչ միայն Երեւանից, այլեւ որեւէ բնակավայրից, որտեղ կարող են կենտրոնացված լինել նման ժամանցի վայրերը, այդ թվում նաեւ հեստապարերի ծառայությունները: Մենք գտնում ենք, որ իրեն բաց, ժողովրդավարական հռչակած որեւէ երկիր չի կարող գնալ արգելքների ճանապարհով, եւ ճիշտ ճանապարհը այդ ոլորտների կարգավորումն է: Իսկ այս օրենքը կարգավորում է լիցենզավորման հարցերը, կարգավորում է ծառայություն մատուցողների առողջական հարցերը, անվտանգության խնդիրները եւ այլ խնդիրներ, որոնք օդից վերցված չեն: Վերջին շրջանում աղմկոտ սպանություններ եղան գիշերային ակումբներում, եղան փոխհրաձգություններ: Ես համաձայն եմ, որ խնդիրը կարգավորման կարիք ունի»: Ըստ պարոն Սաֆարյանի, կառավարության ներկայացրած հեստապարի մասին օրինագիծը պետք է կոչել ոչ թե այնպես, ինչպես որակել է պարոն Բոստանջյանը՝ «անբարոյականության մասին», այլ. «Մենք կարող ենք այն անվանել անառակությունը կարգավորելու մասին օրենք, բայց պետք է համաձայնել, որ դրա կարգավորման խնդիրը նույնպես կա, դա հասարակական կյանքի մի հատվածն է, եւ թե այդ դաշտում գործողները, թե այդ ծառայություններից օգտվողները պետք է հավասարապես պաշտպանված լինեն»:
Մեր տեղեկություններով, օրինագիծը նաեւ այսօր չի քննարկվի, եւ հարցը թեպետ քառօրյայի օրակարգում է, բայց դեռ կհետաձգվի մինչեւ Ազգային ժողովի հաջորդ նիստ, որը, ըստ որոշ տեղեկությունների, տեղի կունենա ոչ թե խորհրդարանի դահլիճում, այլ կառավարության նիստերի դահլիճում, քանի որ խորհրդարանի դահլիճը վերանորոգվելու է: Այս դեպքում, ըստ մեր զրուցակից պատգամավորների, այս «հեստապարի» հարցը կհետաձգվի եւ կքննարկվի կառավարության նիստերի դահլիճում:

Հ. Գ. Երեկվա ընթացքում պատգամավորները դեռ շարունակում էին հետաքրքրվել այս օրինագծով, սակայն այն այդպես էլ չքննարկվեց: Իսկ «հեստապար» բառի ստուգաբանությունը պատգամավորներին ներկայացրել է Արա Բաբլոյանը, ասելով, թե հին լատիներենում «հեստա» նշանակել է «մարմնի մաս»: Հիմա էլ պատգամավորները մտքերի մեջ են ընկել՝ մարմնի հատկապես ո՞ր մասը նկատի ունի կառավարությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել