Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱԿԱ՞Ս ԿԱ

Ապրիլ 29,2010 00:00

Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու, ՀՀ արտգործնախարարության մամուլի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ապրիլի 12-24-ը Եվրամիության հրավերով այցելել էր Բրյուսել եւ Ստրասբուրգ, որտեղ հանդիպումներ է ունեցել Եվրոպական միության, Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչների հետ: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով իր այցելությունները՝ արձանագրել է, որ ԵՄ-ում, ընդհանուր առմամբ, հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ շատ բարձր չէ, բայց նույնիսկ այդ պարագայում այն ուշադրությունը, այն հետաքրքրությունը, որ կա մասնավորապես Վրաստանի նկատմամբ, ինչն արտացոլվում է նաեւ գործնական ծրագրերով, գերազանցում է Հայաստանի հետ ԵՄ-ի համագործակցությանը: Նախորդ տարիների համեմատությամբ ԵՄ-Հայաստան համագործակցությունը ամենատարբեր ոլորտներում էական տեղաշարժեր, օրինակ՝ մասնավորապես Հայաստանի եվրոպական ինտեգրման ուղղությամբ, չի գրանցել: «Հայաստանի՝ ԵՄ ասոցացված անդամակցության մասով բանակցություններ չեն սկսվել։ Քննարկումներ չեն սկսվել նաեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման եւ վիզային ռեժիմի պարզեցված կարգի հարցերում, մինչդեռ հարեւան Վրաստանն ավարտել է այդ գործընթացը»,- շեշտել է Վլ. Կարապետյանը։ Իր ասելով, ինքը եվրոպացի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումներում Հայաստանի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ տրամադրելու կարիք է զգացել. «Թեեւ եվրոպական կառույցներում ընդհանուր առմամբ տիրապետում են Հայաստանի մասին տեղեկատվությանը, բայց լիարժեք տեղեկացված չեն տեղի ունեցող զարգացումների մասին»: Կոնգրեսի ներկայացուցիչն ասել է, թե Եվրամիության պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ ինքը հիմնականում շոշափել է Հայաստանում ժողովրդավարության խնդիրներին առնչվող հարցեր, ներկայացրել է նաեւ ՀԱԿ-ի մոտեցումները ներքաղաքական խնդիրների, այդ թվում՝ քաղբանտարկյալների հարցի շուրջ։ «Ընդհանուր եզրակացությունն այն է, որ ՀԱԿ-ը պետք է ավելի ակտիվ լինի արտաքին շփումներում։ Իշխանությունը, օգտագործելով իր կառույցները, բավական հետեւողական արշավ է վարում թե՛ ՀԱԿ-ի դեմ, թե՛ պարզապես երկրում առկա իրավիճակն աղավաղելու հարցում։ Հետեւաբար՝ մենք ավելի ակտիվ ենք լինելու, եւ Հայաստանից իշխանության ձայնից տարբերվող տեսակետը պետք է հասնի մեր գործընկերներին»,- ամփոփել է Վլադիմիր Կարապետյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել