Լրահոս
Օրվա լրահոսը

Որ «չերյոմուխայով» մարդ չսպանեն

Ապրիլ 29,2010 00:00

Ըստ օրենսդիրների, «հատուկ միջոցների» կիրառման կարգը պետք է սահմանի բացառապես ԱԺ-ն

Ավելի քան երկու տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների ազդեցությունը նաեւ օրենսդիր մարմինը դեռ երկար է զգալու: Երեկ մարտի 1-2-ին Երեւանում կատարված դեպքերի ուսումնասիրության նպատակով ստեղծված նախկին ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ՝ «Իրավական ակտերի մասին» եւ «ԱԺ Կանոնակարգ-օրենքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»: Այս օրինագծերի քննարկումներին օրենսդիրները բավականին պասիվ էին:
Հարցը չքաղաքականացրեց անգամ «Ժառանգություն» խմբակցությունը:
ԱԺ փոխնախագահ, օրինագծի հեղինակ Սամվել Նիկոյանն առաջարկված փոփոխությունների նպատակը այսպես ներկայացրեց. «Մարտիմեկյան իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովն աշխատանքի ընթացքում ուսումնասիրեց հատուկ միջոցների կիրառման խնդիրը եւ հայտնաբերեց հետեւյալը. 2006 թվականին, ըստ էության, մեր օրենքներով կասեցրել ենք նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ բոլոր օրենքների, նորմատիվ իրավական ակտերի կիրառումը ՀՀ-ում: Դրանից հետո ոստիկանությունը կամ կառավարությունը չի սահմանել անհրաժեշտ կարգերը հատուկ միջոցների կիրառման համար»: Ժամանակավոր հանձնաժողովի անդամները ցայսօր պնդում են, որ այս պատճառով էլ հնարավոր չեղավ «նույնականացում» կատարել եւ պարզել, թե ո՞ր ոստիկանների գործածած «Չերյոմուխայից» են սպանվել մարտի 1-ի 10 զոհերից 3-ը: Երեկ օրենսդիրները պնդում էին, որ հատուկ միջոցների կիրառման կարգերի սահմանման իրավունքը պետք է լինի բացառապես ԱԺ-ինը, որպեսզի կառավարությունն ու գերատեսչությունները չգերազանցեն իրենց լիազորությունները: Արտահերթ ելույթում ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը ողջունելով առաջարկվող փոփոխությունները՝ հայտարարեց, որ անկախացումից ի վեր բավականին ժամանակ է անցել եւ վաղուց ժամանակն է ունենալ օրենսդրական գործունեության համակարգված, հայեցակարգային մոտեցում, նաեւ կարեւորեց օրենսդիր եւ գործադիր մարմինների համաձայնեցված գործունեությունը:
ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանը երեւի միակն էր, որ «խոցեց» հանձնաժողովի նախկին նախագահին եւ ուղղակի հարցրեց. «Մասամբ հանձնաժողովի աշխատանքից դժգոհողներ եղան, ինչքան հիշում եմ՝ դուք չկարողացաք պարզել՝ հատուկ միջոցները ում հրամանով են օգտագործվել, ինչ պարագայում են օգտագործվել, ով է կրում դրա պատասխանատվությունը: Այդպե՞ս է, թե՞ այդպես չէ»: Սամվել Նիկոյանն իր գործընկերոջ այս հարցը որակեց որպես «լրագրողական հետաքրքրությունների շրջանակից»:
«Լրագրողական հետաքրքրությունը» շարունակեց Ստեփան Սաֆարյանը, ով ուղղակի ասաց. «Թույլ տվեք շարունակել Վարդան Բոստանջյանի լրագրողական հետաքրքրությունը եւ հարցնել՝ քանի որ այս օրենսդրական նախաձեռնության հիմքում ընկած են մնում 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո արված որոշ հետեւություններ, մասնավորապես՝ ոստիկանության գործողությունների, հատուկ միջոցների կիրառման առումով, ապա ես նույնպես պետք է շարունակեմ պարոն Բոստանջյանի տրամաբանությունը, որ նման դեպքերում այն կարգերը, որ վերաբերում են նման խնդիրներին, պետք է իրենց ուղենիշները, կիրառման դեպքերը, պայմանները հստակ արտացոլված ունենան օրենսդրության մեջ: Բնականաբար, այդ կարգերում մենք չպետք է թույլ տանք կառավարությանը, գործադիրին՝ իմպրովիզացիաների եւ անընդունելի կամ ռիսկային կարգեր սահմանել»: Օրինագծի հեղինակ Սամվել Նիկոյանը ընդունեց գործընկերների առաջարկները եւ խոստացավ մինչեւ երկրորդ ընթերցում փոփոխել օրենքի նախագիծը` գործադիր իշխանությանը լրացուցիչ եւ չնախատեսված լծակներից զրկելու համար: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել