ԼՂՀ արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհուրդն օրերս դիմել էր Սփյուռքի հայկական կազմակերպություններին՝ կոչ անելով միջազգային ասպարեզում ԼՂՀ-ի ճանաչման գործընթաց նախաձեռնել: Այս առիթով «Առավոտի» հետ զրույցում որոշ պարզաբանումներով հանդես եկավ խորհրդի համակարգող, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Մասիս Մայիլյանը:
– Ինչո՞վ էր պայմանավորված, որ հիմա որոշեցիք ԼՂՀ-ն ճանաչելու կոչով դիմել Սփյուռքի հայկական կառույցներին: Ինչո՞ւ դա չէր կարելի անել ավելի վաղ:
– Հավանաբար, ավելի վաղ էլ կարելի էր Սփյուռքի հայկական կազմակերպություններին դիմել: Այդ հարցով ավելի ակտիվ պետք է զբաղվեին Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները: ԼՂՀ ճանաչման հարցում ՀՀ իշխանությունների պասիվությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո եւ բանակցությունների միջոցով Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորումն էր: Այժմ, երբ Մինսկի խմբի առաջարկությունները հակասում են Արցախի եւ Հայաստանի հետաքրքրություններին, երբ Արեւմուտքի եւ Ռուսաստանի կողմից կան նոր պետությունների ճանաչման նախադեպեր՝ առանց հաշվի առնելու նախկին «մետրոպոլիաների» կարծիքըո եւ Բաքվից, իսկ այժմ՝ նաեւ Անկարայից տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման սպառնալիքներ են հնչում, ԼՂՀ-ի ճանաչման հարցն, իբրեւ ԼՂՀ անվտանգության ամրագրման մեխանիզմ, բավականաչափ օրախնդիր է դառնում:
Հայաստանը պետք է շարունակի իր մասնակցությունը Մինսկի խմբի գործընթացում՝ նպատակ ունենալով փոխել միջնորդների մոտեցումները եւ բանակցային սեղանի շուրջ վերադարձնել ԼՂՀ պաշտոնական ներկայացուցիչներին: Զուգահեռաբար, պետք է նպատակաուղղված աշխատել Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ:
– Որքանո՞վ եք հավանական համարում նման գործընթացի սկսվելը, եւ եթե ընդունենք, որ այն իրականություն կդառնա՝ ի՞նչ կտա դա այս իրավիճակում թե Արցախին, թե Հայաստանին:
– ԼՂՀ արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհուրդն իր ուղերձում նշել է բավականաչափ համոզիչ եւ հիմնավոր փաստարկներ՝ հօգուտ ԼՂՀ ճանաչման գործընթաց սկսելու: Կարծում եմ, Սփյուռքի կառույցները կսատարեն մեր նախաձեռնությանը: Հայաստանի խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներից արդեն կան դրական արձագանքներ:
Գործընթացի մեկնարկի եւ Արցախի միջազգային ճանաչման հասնելու դեպքում կբացվի քաղաքական-դիվանագիտական նոր հնարավորությունների մի ողջ սպեկտոր՝ Արցախի պաշտպանվածությունն ապահովելու համար: ԼՂՀ-ի ճանաչումը կդառնա տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության լեգիտիմ մասը՝ ապահովելով սեփական անվտանգությունը:
Արցախի ճանաչումը նույնիսկ տարածաշրջանային կազմակերպությունների կողմից կամ առանձին երկրների տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նվազագույնը կոգեշնչի մեր քաղաքացիներին, առավել տոկունություն կհաղորդի նրանց եւ լուրջ հոգեբանական աջակցություն կդառնա, ինչը 20 տարուց ավելի ռազմաճակատի գծին շատ մոտ բնակվող մարդկանց համար մեծ նշանակություն ունի:
– Ինչո՞ւ ԼՂՀ-ն ճանաչելու համար չեք դիմում նաեւ ՀՀ-ին: Այս գործընթացում, ընդհանրապես, ինչպիսի՞ն եք պատկերացնում ՀՀ-ի դերը՝ իբրեւ հայկական պետության:
– ԼՂՀ-ն ճանաչելու հարցով Հայաստանի Հանրապետության իշխանություններին պետք է դիմի պաշտոնական Ստեփանակերտը: Մեր նախաձեռնությունը հասարակական է, սակայն մենք ուղերձի օրինակներն ուղարկել ենք ԼՂՀ եւ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչություններին էլ՝ հուսով, որ կաջակցեն գործընթացը սկսելուն եւ երկու հայկական պետությունների պաշտոնական կառույցների ու սփյուռքյան կազմակերպությունների միջեւ համակարգված աշխատանք տանելուն:
Իմ փորձագիտական կարծիքն այս հարցի վերաբերյալ հետեւյալն է. ԼՂՀ-ի ճանաչումը Հայաստանի կողմից չպետք է դիտարկվի իբրեւ, պատկերավոր ասված՝ «միայնակ կրակոց»: Նախ՝ Արցախը, Հայաստանը եւ Սփյուռքը պետք է համապատասխան նախապատրաստական աշխատանքներ տանեն դրսում եւ Հայաստանի կողմից Արցախի ճանաչմամբ պատուհան բացեն այլ պետությունների կողմից Արցախի պետականության ճանաչման համար:
Անցյալ տարի, «մադրիդյան սկզբունքների» հիման վրա բանակցությունների արհեստական ակտիվացման շրջանում, Ադրբեջանի օգտին ենթադրյալ տարածքային զիջումների համատեքստում Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը՝ հանրապետության փաստացի սահմանների շրջանակներում, արդարացված կլիներ, քանի որ նման քայլը նաեւ ի չիք կդարձներ որոշ արտաքին խաղացողների սին հույսերը՝ կապված հայերի՝ տարածքներ վերադարձնելու պատրաստակամության հետ:
– Այս պահին ԼՂՀ-ին սպառնացող ի՞նչ իրական վտանգներ կան եւ դրանց իրականացման ի՞նչ հավանականություններ՝ նկատի ունենալով այն, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման կասեցումից հետո գնդակը, կարծես, տեղափոխվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման դաշտ, եւ որոշ լուրջ գործիչներ առաջիկա ամիսների ընթացքում այդ ճակատում աշխուժացումներ են կանխատեսում, անգամ սպառնալիքներ են տեսնում:
– Նախեւառաջ, չի կարելի բացառել պատերազմի վերսկսման հնարավորությունները: Նման ադրբեջանական ավանտյուրա կարող է հրահրել նաեւ Թուրքիան՝ Արեւմուտքի կողմից Ցեղասպանությունը ճանաչող փաստաթղթերով «լուսանցք մղվելով»: Ի դեպ, տարածաշրջանում հնարավոր ապակայունացման մասին վերջերս ակնարկներ արեցին նաեւ Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարության ներկայացուցիչները: Այդ պատճառով պաշտոնական Անկարայի վրա ճնշումների ուժեղացման հետ՝ շահագրգիռ կենտրոնները պետք է ադրբեջանաթուրքական պատերազմական սպառնալիքները չեզոքացնելու միջոցներ նախաձեռնեն: Այստեղ կարող է երկու տարբերակ լինել. կամ հայկական կողմերին անվճար զենքի եւ զինտեխնիկայի տրամադրում՝ տարածաշրջանում ուժային հարաբերակցությունը պահպանելու համար, կամ էլ՝ ԼՂՀ-ի միջազգային ճանաչում եւ հրավերք՝ գոյություն ունեցող «անվտանգության հովանոցներից» մեկի ներքո: Երկրորդ տարբերակն առավել պակաս ծախսատար է եւ չի հանգեցնի տարածաշրջանի հետագա միլիտարիզացիային: