Լրահոս
Օրվա լրահոսը

«VERY UNFORTUNATE STATEMENT»

Ապրիլ 29,2010 00:00

\"\"ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը դարձավ եվրոպացի առաջին պաշտոնյան, որը հստակ գնահատական տվեց Էրդողանի սպառնալից ակնարկներին՝ հայ միգրանտների հասցեին:

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը երեկ ԵԽԽՎ-ին ներկայացրեց 2009-ին իր գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը եւ պատասխանեց պատվիրակների հարցերին:
Ըստ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցի՝ 2009-ին իր թեմատիկ գործունեության գերակայությունը «միգրանտների եւ փախստականների մարդու իրավունքները, ռասիզմի եւ քսենոֆոբիայի դեմ պայքարը՝ ընդհանրապես ոչ խտրականությունը եւ երեխաների իրավունքներն էին»: Եվ մասնավորապես անդրադառնալով միգրանտների դեմ իրականացվող քաղաքականությանը՝ Համմարբերգը զեկույցում օգտագործել է «անմարդկային եւ անարդյունավետ» բնորոշումները՝ նշելով, թե ավելի արդյունավետ կլիներ մշակել քաղաքականություն, որը հիմնված է աշխատուժի պակասի եվրոպական իրականության եւ միջազգային չափանիշները հարգելու վրա. «Միգրանտների նկատմամբ առավել սահմանափակումները ձեռք ձեռքի են քայլում քսենոֆոբիկ ուղղվածության ցավալի հայտարարությունների հետ»: Մեջբերենք բնագիրը՝ «unfortunate trend of xenophobic discourse»՝ համադրելու համար, որ երբ Նաիրա Զոհրաբյանը Համմարբերգին խնդրեց անդրադառնալ Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարություններին՝ հայ միգրանտներին արտաքսելու մտադրության մասին, նա կարճ ասաց, թե կարծում է՝ դա շատ ցավալի հայտարարություն էր. «I think that was a very unfortunate statement», այսինքն՝ կրկնվեց զեկույցի բնութագրումը: Նշենք նաեւ, որ «unfortunate» բառը «ցավալի»-ից բացի թարգմանվում է նաեւ «անհաջող, անբարենպաստ, անտեղի» եւ այլն:
«Ռասիզմը եւ անհանդուրժողականությունը պահպանվում են մեր երկրներում, եւ «ուրիշների» հանդեպ սարսափը թափ է հավաքում: Փոքրամասնությունները մնում են ատելության քարոզչության, բռնությունների եւ պարբերական խտրականության թիրախ՝ մասնավորապես, զբաղվածության ոլորտում»,- նաեւ նշված է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցում:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաեւան նախօրեին ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին էր հարց ուղղել, թե ինչու չեն կատարվում 2005-ին ընդունված 1416 բանաձեւի պահանջները, ըստ որոնց՝ Հայաստանը պետք է դուրս բերի իր զորքերը եւ ադրբեջանական փախստականներին ու ժամանակավոր տեղահանվածներին պիտի թույլատրվի վերադառնալ իրենց տները: Եվ ստացել էր հստակ պատասխան. «Մինսկի գործընթացը միջազգայնորեն ճանաչված է կարգավորելու այն հակամարտությունը, որը դուք հիշատակեցիք: Ես չեմ կարծում, թե Եվրոպայի խորհուրդը կարող է կամ պետք է միջամտի դրան»: Սակայն Գանիրա Փաշաեւան երեկ գրեթե նույն հարցը տվեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին՝ առավել շեշտադրելով այն հանգամանքը, թե փախստականներն արդեն 15 տարի է՝ չեն կարողանում վերադառնալ իրենց տները եւ հայցում են Եվրոպայի խորհրդի աջակցությունը: Թոմաս Համմարբերգը պատասխանեց, թե վերադարձի իրավունքը շատ կարեւոր է ու մարդու իրավունքների տեսակետից՝ հիմնարար. «Եվ պետք է պահպանվի բոլոր իրավիճակներում»: Սակայն հավելեց. «Դժբախտաբար, սա միայն մարդու իրավունքների հարց չէ: Սա քաղաքական հարց է: Եվ ես կոչ եմ անում բոլոր կողմերին՝ լուծել այս խնդիրը Մինսկի գործընթացի շրջանակներում»: Նաեւ հույս հայտնեց, որ շատ շուտով կգտնվի խնդրի արդարացի լուծումը:
Հավելենք, որ զեկույցում պրն Համմարբերգը նշել է, թե իր գրասենյակը «շարունակել է ուշադրություն դարձնել վիճարկվող տարածքներին կամ հետհակամարտային իրավիճակներին: Նման ոլորտներում մարդու իրավունքների համար գործելու դժվարությունը, իհարկե, այն է, որ կան քաղաքական ու դիվանագիտական նրբություններ: Մինչ այժմ ես կարողացել եմ աշխատել նման բարդ դեպքերում եւ ի պատասխան՝ աջակցություն եմ ստացել ներգրավված բոլոր կողմերից: Այնուամենայնիվ, դա հեշտ չէ: Իմ խնդրի կարեւոր մասը վերաբերում է մարդկանց, որոնք ապրում են վիճարկվող տարածքներում: Նրանք սովորական մարդիկ են, եւ նրանք տվյալ տարածքի կարգավիճակի վերաբերյալ շարունակական քաղաքական տարաձայնությունների զոհերն են»:

Հ. Գ. Ստրասբուրգում երեկ տեղի ունեցած մի զվարճալի պատահարի մասին մեզ պատմեց Նաիրա Զոհրաբյանը: Նրան պատահաբար հանդիպելով՝ ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն շնորհավորել է բարեհաջող ծննդաբերելու կապակցությամբ: Նաիրա Զոհրաբյանը պարզաբանել է, որ շնորհավորանքները պետք է ուղղվեին Զարուհի Փոստանջյանին, բայց եւ ընդունել է դրանք՝ նշելով. «Կարեւոր է, որ մեր գենոֆոնդը շատացավ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել