Օրերս Ազգային պատկերասրահում բացվեց իտալացի նկարիչ, քանդակագործ Անսելմո Ֆրանչեսկոնիի ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Արվեստաբան, ցուցահանդեսի համակարգող Մարտինա Կորնյատինին, մեկնաբանելով նկարիչ-քանդակագործի մտորումները, ասաց. «1965 թվականին՝ Մեծ եղեռնի 50-րդ տարելիցին, Անսելմոն զգացել է կարեւորություն՝ արտահայտելու իր ցավը քանդակագործությամբ: Նա այդ ժամանակ ապրել է Թեհրանում, իսկ այդ տարիներին հնարավոր չէր աշխատել քանդակների վրա: Այդպիսով, իր արտիստիկ ողջ էությունն ու ուժը ներդրեց նկարչության մեջ եւ ստեղծեց աշխատանքների մի շարք: Այսպես նա ստեղծում է երկու ողբերգական շարք՝ «Ջարդը» եւ «Դռները», որոնք պատմում են աշխարհում կատարված ոճրագործությունների մասին եւ ստիպում մարդուն ճանաչել ու ընդունել ճշմարտությունը»:
Իտալացի նկարիչը հայ մշակույթին եւ պատմությանը ծանոթացել է շնորհիվ իր կնոջ՝ հայուհի Մարգարիտա Թովմասյանի, որը մասնակցում էր հայաստանյան ցուցահանդեսի բացմանը:
Ըստ Մ. Թովմասյանի, նկարիչը տառապանքների գնով է երկնել ու ցուցադրել աշխատանքները. «Երբ Անսելմոն առաջին անգամ ցուցադրվեց Թեհրանում, մեծ արձագանք ունեցավ, թերթերը լիքն էին նրա մասին հոդվածնեորվ: Նույնը շարունակվեց նաեւ Իտալիայում, իսկ երբ Ժնեւի թանգարանում ցուցադրվեցին այս աշխատանքները, թուրքական դեսպանատունը մեծ վրդովմունք արտահատեց, բայց դա չհիասթափեցրեց ամուսնուս… Այն ամենը, ինչ այսօր ներկայացված է, ընդամենը Անսելմոյի երկար տարիների մտատանջության մի փոքր դրվագ է»:
Իտալացի նկարչի երեւանյան ցուցահանդեսն իրականացվեց ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանում Իտալիայի դեսպանության նախաձեռնությամբ:
ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինին գտնում է, որ ցուցահանդեսով Հայաստանն ու Իտալիան համախմբվում են մի մշակույթի հարթության վրա. «Ֆրանչեսկոնիի աշխատանքներում, իմ կարծիքով, կրթական ուղերձ կա: Դա նաեւ աշխարհն ընկալելու նոր միջոց է: Իր արվեստի միջոցով նկարիչն ապացուցում է, որ մոտ է կանգնած հայ ընտանիքներին եւ նրանց վշտին»: Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի բնորոշմամբ, արվեստագետի ստեղծագործություններում այնպիսի ուժ, եռանդ, ցավը արտահայտելու խելացի հասկացողություն կա, որ միանգամից կլանում է դիտողին. «Զարմանում ես՝ ինչպե՞ս է նա կարողացել արտահայտել այն ժողովրդի ցավը, որի մեջ չի էլ ապրել, բայց վերապրել է ցեղասպանությունը»: