Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ԴԵ՞Մ

Ապրիլ 28,2010 00:00

Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում, որտեղ մեդալներից բացի խաղարկվում են Սինգապուրում կայանալիք պատանիների 1-ին օլիմպիական խաղերի ուղեգրեր, մրցումների մեկնարկային երկու օրերին ռինգ մտած մեր երկրի չորս պատվիրակից երեքը պարտվել է:

Հասկանալի պատճառներով մեր բռնցքամարտիկների մրցելույթները մեծապես հետաքրքրում են հայաստանցի մարզասերներին: Սակայն ե՛ւ աշխարհի առաջնության, ե՛ւ AIBA-ի պաշտոնական կայքերն անչափ վատ են աշխատում: Այնքան վատ, որ մարտերի հաջորդ օրն առավոտյան անգամ նախորդ օրվա արդյունքների մասին կայքէջերում ոչինչ չկա: Սրան ավելացնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հեռախոսային կապ գոյություն չունի: Այնպես որ, ամենաչնչին տեղեկություն ստանալն անգամ չափազանց դժվար է: Այս ամենով հանդերձ, որոշակի ինֆորմացիա հայթայթել, այնուամենայնիվ, կարողանում ենք, որոնք, սակայն, դրական ոչինչ գրեթե չեն պարունակում:

Մեր տղաներից առաջինը ռինգ մտած 57 կգ քաշային Կարեն Տոնականյանի եւ անգլիացի Հենրի Թոմասի մարտը երրորդ ռաունդում դադարեցվել է վերջինի բացահայտ առավելության պատճառով: Երկրորդ օրը պայքարի մեջ ներգրավվել է աշխարհի պատանիների չեմպիոն Կորյուն Սողոմոնյանը, որի մրցակիցը եղել է Ղրղըզստանի ներկայացուցիչ Նուրբեկ Աբլազովը: Սկզբում առավելությունը եղել է Աբլազովի կողմը: Սակայն Կորյունը մեծ ջանքերի գնով վերականգնել է հավասարակշռությունը եւ մարտի ավարտին հաշիվը եղել է 7:7: Սակայն մրցավարները նախապատվությունը տվել են ղրղզստանցուն: Այնուհետեւ, 54 կգ քաշային կարգում լիտվացի Էդգարաս Սկուրդելիսի հետ մենամարտում պարտություն է գրանցվել Հովհաննես Բաչկովին: Մեր ունեցած տեղեկություններով, Հայաստանի պատվիրակությունը համաձայն չի եղել ոչ Կորյունի, ոչ Հովհաննեսի հաշվին գրանցված պարտությունների հետ եւ անգամ արդյունքները բողոքարկել է: Սակայն դրանք ոչ միայն չեն բավարարվել, այլեւ Կորյուն Սողոմոնյանի պարտությունը «հիմնավորելու» նպատակով AIBA-ն իր կայքէջում գովերգել է Աբլազովին՝ նրան արդեն առաջին մրցելույթից հետո համարելով այս առաջնության հայտնություն: Այս ամենի արդյունքում մեր պատվիրակությունը մրցումները լքելու եւ տուն վերադառնալու մտադրություն է ունեցել: Սակայն AIBA-ի ղեկավարությունը սպառնացել է, թե նման քայլի դիմելու դեպքում Հայաստանի ֆեդերացիան կորակազրկվի չորս տարով:

Որքան հասցրել ենք տեղեկանալ, մարզադահլիճում էլ հանդիսականն անչափ վատ է դիմավորում ռինգ մտնող հայաստանցի բռնցքամարտիկներին: Ու այդպիսի մթնոլորտն այդ տարիքի տղաներին ոչ թե հոգեբանական լարվածության, այլ մամլիչի տակ է պահում:

Առայժմ մեր թիմի հաշվարկին միակ հաղթանակը բերել է 60 կգ քաշային Հրայր Մաթեւոսյանը: Նա առավելության է հասել արգենտինացի Խուան Հերրերայի նկատմամբ: Այսօր Հրայրը պետք է անցկացնի իր երկրորդ մենամարտը: Իսկ երեկ հերթը Արթուր Քիրաջյանինն էր (64 կգ), որի առաջին մրցակիցը, ասես ճակատագրի հեգնանքով, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող Արայիկ Մարությանն էր լինելու:

Ի դեպ, ուրախալի է նաեւ Ուկրաինայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի Արմեն Սիմոնյանի (91կգ) հաղթանակը ադրբեջանցի Հաջիբաբ Հաջիբաբաեւի նկատմամբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել