Երեկ Հայաստանի ազգային գրադարանում բացվեց գրող, գեղանկարիչ, լուսանկարիչ Լեւոն Օսեպյանի լուսանկարչական ցուցահանդեսը: Բացման խոսքում գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը նշեց, որ չնայած Լ. Օսեպյանն ապրում է Հայաստանից դուրս, բայց իր գործունեությամբ նպաստում է Հայաստանի եւ Արցախի հասարակական, մշակութային կյանքի զարգացմանը: Վերջերս նրա միջոցով Հայաստանի ազգային գրադարանը համալրվեց Մոսկվայում հրատարակվող հանդեսներով եւ այլ հրատարակություններով: Ներկայացված 25 լուսանկարները աչքի են ընկնում ինքնատիպությամբ: Հեղինակը հիանալի տիրապետում է լուսանկարչության գաղտնիքներին: Բաքվից հայերի տեղահանության օրերին հազիվ է հասցրել փրկել իր կատարած լուսանկարների հավաքածուն, ինչը համալրվել է Մոսկվայում արված նկարներով: Լ. Օսեպյանը «Առագաստ», «Մեկենաս եւ աշխարհ», «Հայկական նրբանցք» մոսկովյան ամսագրերի գլխավոր խմբագիրն է, որոնք ծառայում են աշխարհում մեր մշակույթի եւ գիտության քարոզչությանը: Նա նաեւ Մոսկվայում գործող «Ղարաբաղի բարեկամներ» ակումբի անդամ է: Ազգային գրադարանում ցուցահանդեսը բաց կլինի մոտ մեկ ամիս: