Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՛չ միայն ճանաչում

Ապրիլ 28,2010 00:00

Ցեղասպանությանը նվիրված գիտաժողովի ուսանող մասնակիցները պահանջում են հատուցում

«Ցեղասպանագետները, պատմաբանները պետք է զգան հայ ուսանողների պատրաստակամությունն ու ոգեւորությունը Մեծ եղեռնի ընդունման եւ ճշմարտության վերկանգնման հարցում»,- ասում է ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) նախագահ Կառլեն Խաչատրյանը:

Երեկ ԵՊՀ-ում ընկերության նախաձեռնությամբ մեկնարկեց ուսանողական հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին:

Գիտաժողովին մասնակցում են հայաստանյան 6 բուհերի 35 ուսանողներ՝ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղից, Երեւանի պետական տնտեսագիտական, Երեւանի պետական բժշկական, Հայաստանի պետական մանկավարժական եւ Վանաձորի պետական մանկավարժական համալսարաններից: ՈՒԳԸ-ի փոխնախագահ, ԵՊՀ-ի հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Խաչիկ Հարությունյանը՝ կարեւորելով գիտաժողովի անցկացումը, նշեց. «Մեր ցանկությունն է հիշել եւ դատապարտել՝ հետամուտ լինելով Եղեռնի միջազգային ճանաչմանը»:

Ուսանողները «Առավոտի» հետ զրույցում կարեւորեցին աշխարհի վերաբերմունքը Հայոց ցեղասպանության նկատմամբ:

Օրինակ, Խ. Հարությունյանը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ելույթը, ասաց. «Հայերս ապավինում ենք Օբամայի եւ մյուս հզոր պետությունների նախագահների ճանաչմանը, ինչը, ըստ իս, սխալ է: Ճիշտ է՝ նրանց անմիջական հովանու ներքո պետք է անցնի ողջ ընթացքը, բայց նրանց պետք է դիտենք զուտ ընթացքի նպատակային հանգուցալուծման միջոց: Օրինակ, ԱՄՆ նախագահի ելույթը չէր էլ կարող լինել միանգամից ճանաչում: Պատահական չէ, որ ամեն տարի այդ օրը նա ելույթ է ունենում, այսինքն՝ դա իսկապես հիշատակի օր է, եւ հոմանիշ բառերի ետեւից ընկնել՝ ցեղասպանություն է, թե մեծ եղեռն, չարժե: Միեւնույն է՝ աշխարհը գիտի, որ այդ օրը Հայոց ցեղասպանության օրն է»:

Վանաձորի մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Հակոբ Փափազյանը գտնում է. «Տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են ներկայացված գիտաժողովին, դա նշանակում է՝ անգամ ապագա ֆիզիկոսը իր կարծիքն է հայտնում 1915 թվականի դեպքերի եւ աշխարհի վերաբերմունքի մասին: Սա կբերի հասարակության մեջ ընդհանուր խորը իմացության մակարդակի բարձրացման: Իսկ հասարակությունն ի՞նչ է անում, անդադար կրկնում է՝ մնացել է 5 տարի: Ժամանակը խնդիր չպետք է լինի… Հատկապես երիտասարդներս պետք է հետեւողական լինենք իրավունքների վերականգնման հարցում»:

ԵՊՀ-ի Իջեւանի մասնաճյուղի պատմության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Վլադիմիր Պողոսյանն էլ շեշտեց. «Երիտասարդությունն այսօր իր ուրույն տեսակետն ունի ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ, որը մի փոքր տարբերվում է ավագ սերնդի տեսակետից: Ասում են՝ սերնդեսերունդ ցեղասպանության հանդեպ մեր վերաբերմունքը փոխվում է, դա սխալ կարծիք է. մենք երբեք անտարբեր չենք կարող լինել Թուրքիայի ոճրագործությունների հանդեպ: Աշխարհը կհենվի հայ երիտասարդի խոսքի վրա, քանի որ մեր պահանջը ոչ միայն ճանաչումն է, այլեւ հատուցումը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել