Գրող, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի համոզմամբ, հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ ծառացած անդունդը հնարավոր չէ վերացնել. «Ես անձամբ ոչինչ չեմ անի, որ այդ անդունդը վերանա, 1,5 միլիոն մարդկանց ցեղասպանությունը կատակ բան չէր, ո՞նց կարելի է դա մոռանալ ու նպաստել անդունդի վերացմանը… Թուրքին պարզապես պետք է տալ քաղաքակիրթ բարեւը եւ ոչ ավելին»: Երեկվա ասուլիսում մտավորականը փորձում էր բացահայտել թուրքի էությունը. «Ինձ չի հետաքրքրում, թե հայի կարծիքով ո՞վ է թուրքը, ինձ հետաքրքրում է թուրքի կարծիքը թուրքի մասին, այն էլ հեղինակավոր թուրքի կարծիքը… Օրինակ, Աբդուլ Համիդի կարծիքով, ոչ մի օսմանցի չի աշխատում իսկական արժեքներ ստեղծելու համար, օսմանցին սովոր է պարոն լինել եւ աշխատանքը ուրիշին թողնել…»: Պ. Զեյթունցյանը մեջբերեց նաեւ Աթաթուրքի գրառումներից. «Մեր արյունակիցները կատարեցին անասելի ոճիրներ ու կազմակերպեցին տեղահանում ու սպանդ… վառում էին երեխաներին, բռնաբարում կանանց ու աղջիկներին՝ ծնողների աչքի առաջ, նրանք հայերին դնում էին այնպիսի անտանելի վիճակի մեջ, որ մինչ այդ ոչ մի ժողովուրդ չի տեսել»:
Մտավորականի խոսքով, կարեւոր չէ, թե ինչ է ասում Աթաթուրքը, այլ՝ ինչ է արել Աթաթուրքը. «Նա 200 հազար հայ է սպանել եւ խլել է մեզնից 24 հազար քառակուսի կիլոմետր տարածություն»: Պարոն Զեյթունցյանը չի կարողանում գտնել պատասխան, երբ իրեն հարցնում են, թե ինչպես պետք է նպաստել հայ եւ թուրք հասարակությունների երկխոսությանը. «Թուրքը մնում է թուրք, նրա գեները չեն փոխվում, չի փոխվում նույնիսկ Եվրոպայի շեմին կանգնած թուրքը»: Մտավորականն առանձնապես հույսեր եւ ակնկալիքներ չունի, թե Թուրքիան մի օր կճանաչի Հայոց ցեղասպանությունը կամ կվերադարձնի հայկական հողերը. «Առայժմ չեմ հավատում, բայց կարող է հրաշք լինի, ո՞վ գիտե»: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից էլ նա մի բան է ակնկալում. «Որ ճանապարհ բացվի, ճանապարհ չունենք, էդ վրացիներն ավելի անհաջող ժողովուրդ են, ճանապարհ չունենք առեւտուր իրականացնելու»: Պարոն Զեյթունցյանի խոսքով, թեեւ ամենեւին էլ հարկավոր չէ ամեն տարի ապրիլի 24-ին լարվել ու սպասել, թե Օբաման կհիշատակի ցեղասպանություն բառը, բայց մյուս կողմից էլ. «Ես էլ եմ անհամբեր սպասում, թե այդ ախմախը հիշատակելու է ցեղասպանություն բառը: Մի բան հստակ է՝ եթե Ամերիկայի նախագահն էլ պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը, եվրոպական երկրները իրար հետեւից կընդունեն ու կճանաչեն»: