Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԱՄԵՐԳԱՇԱՐԻ ՈՒ ՀՊԿՆ-Ի ՄԱՍԻՆ

Ապրիլ 28,2010 00:00

Ըստ անվանի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի, նվագախմբին շուտափույթ ղեկավար է պետք

\"\"
ՀՊԿՆ-ն փորձի ժամանակ:

Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կմեկնարկի Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության կազմակերպած ավանդական «Հայ կոմպոզիտորների երաժշտություն» գարնանային համերգաշարը: «Առավոտի» հետ զրույցում կոմպոզիտոր, միության փոխնախագահ Դմիտրի Առաքելյանը տեղեկացրեց, որ մինչեւ հունիսի 20-ը նախատեսված է 7 համերգ, կներկայացվեն շուրջ 30 հեղինակների ստեղծագործություններ: Առաջին համերգում կկատարվեն Ռոբերտ Ամիրխանյանի, Աշոտ Զոհրաբյանի, Մարտուն Իսրայելյանի, Վարդան Աճեմյանի եւ Դավիթ Բալասանի կամերային երկերը՝ հայաստանցի անվանի երաժիշտների եւ Հայաստանի պետական կամերային նվագախմբի (ՀՊԿՆ) կատարմամբ: Վերջինը կոմպոզիտոր եւ դիրիժոր Մելիք Մավիսակալյանի ղեկավարությամբ կներկայացնի Ամիրխանյանի «Երեւանյան ռապսոդիան»:

Նախօրեին «Առավոտը» ներկա էր կես տարուց ավելի անտերության մատնված ՀՊԿՆ-ի գլխավոր փորձին: Նշենք, որ երկարատեւ պարապուրդի մատնված պետական այս կոլեկտիվը միայն ապրիլի 13-ին հանդես եկավ իսպանաբնակ երգիչ Վահրամ Թադեւոսյանի հետ, այն էլ՝ նվագակցողի կարգավիճակում (դիրիժոր՝ Վարդան Հակոբյան): Փորձի ընդմիջմանը Ռ. Ամիրխանյանից հետաքրքրվեցինք՝ վստահելով «Երեւանյան ռապսոդիան» ՀՊԿՆ-ին, արդյո՞ք հետաքրքրված է այս նվագախմբի ճակատագրով: «Անշուշտ, նվագախմբի ճակատագիրը, նախկին գեղարվեստական ղեկավարի ու գլխավոր դիրիժորի հրաժարականից հետո ստեղծված իրավիճակը մտահոգում են ինձ: Դժվար է գտնել այն դիրիժորին, ով պետք է ստանձնի նվագախմբի ղեկը: Խնդրում եմ խոսքերս չընդունել այնպես, թե Ղարաբեկյանը անփոխարինելի է… Սպասողական վիճակում ոչ միայն ես եմ, այլեւ այն գործընկերներս, որոնք լավ գիտեն այս նվագախմբի յուրաքանչյուր բարձրակարգ երաժշտի գինը: Հուսանք, որ մշակույթի նախարարությունը վերջ կտա ամիսներ տեւող քաշքշուկին»,- ասաց պարոն Ամիրխանյանը:

Քանի որ նվագախմբի ղեկավարի թափուր տեղի համար շրջանառվում են Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Ռուբեն Ասատրյանի, նույն նվագախմբի գլխավոր դիրիժորի ասիստենտ Վարդան Հակոբյանի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանի անունները, Ամիրխանյանից հետաքրքրվեցինք՝ թվարկածներից ո՞ւմ է տեսնում այս պաշտոնում: «Կվստահեի յուրաքանչյուրին: Չեմ թաքցնում, ունեմ իմ նախընտրելի թեկնածուն, սակայն այս պահին պաշտոնական հայտարարություն անելու իրավունք չունեմ: Մյուս կողմից՝ աշխարհի առաջնակարգ նվագախմբերից շատերը հիանալի գործունեություն են ծավալում հրավիրյալ դիրիժորների շնորհիվ… Ամեն դեպքում, կրկնում եմ՝ հիանալի երաժիշտներից բաղկացած այս կոլեկտիվը շուտափույթ պիտի ունենա իրեն արժանի դիրիժոր»,- հայտնեց կոմպոզիտորը: Հարց ուղղեցինք նաեւ ՀՊԿՆ-ի տնօրենի պաշտոնակատար Անահիտ Ծփնեցյանին՝ ե՞րբ կլուծվի ամիսներով չարչրկված այս հարցը: «Մենք էլ անհամբեր սպասում ենք նախարարության որոշմանը»,- հակիրճ պատասխանեց նա: Ի դեպ, դեռեւս Արամ Ղարաբեկյանի պաշտոնավարման շրջանում մասնագետները զարմանում էին՝ եթե դիրիժորը ուսանել է Բոստոնի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում, տարիներ շարունակ ունենալով «սեփական նվագախումբ», ինչու չի հնչեցրել իր ստեղծագործություններից մեկը: Հավելենք, որ Ղարաբեկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել 2009թ. դեկտեմբերի 8-ին, այն բանից հետո, երբ սեպտեմբերին անցկացվելիք երաժիշտների լսումների իր առաջարկած ժյուրիի կազմում «վերեւից իջեցրել» են նաեւ կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանի եւ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի անունները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել