Հունական Պիրեյ նավահանգստի գործադուլավոր աշխատակիցները երկուշաբթի օրը երեկոյան թույլ չեն տվել Մալթայի դրոշի տակ նավարկող «Զենիթ» զբոսանավի տախտակամած բարձրանալ մոտ 1000 իսպանացի զբոսաշրջիկների: Նավը մեկշաբաթյա զբոսաշրջության էր մեկնելու՝ մտնելով Խորվաթիայի, Իտալիայի եւ Հունաստանի նավահանգիստներ: Պիրեյի նավահանգստի աշխատակիցները երկուշաբթի օրը 24-ժամյա բողոքի գործադուլ էին հայտարարել Հունաստանի կառավարության կողմից հունական ջրերում օտարերկրյա զբոսաշրջային նավերի նավագնացության սահմանափակումները հանելու դեմ: Ավելի վաղ երկրի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն հայտարարել էր, որ Հունաստանը այս ամռանից թույլ կտա զբոսաշրջային նավերին նավարկել ոչ Եվրամիության դրոշի ներքո: Դա արվել էր որպես Հունաստանում աշխատանքի շուկայի ազատականացման ուղղությամբ արված առաջին քայլ, սակայն Նավաստիների համահունական դաշնության կարծիքով, հունական կառավարության այդ որոշումը կարող է հանգեցնել հույների համար աշխատատեղերի կրճատման: